Խորհրդարանական կառավարման պարագայում երկրի առաջնորդը լինելու է վարչապետը: Իսկ նախագահի լիազորությունները լինելու են շատ սահմանափակ, թեեւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը միանգամայն այլ բան էր պնդում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետաիրավաան հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, խորհրդարանական կառավարման պարագայում հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակվելու են: Այս դեպքում նախագահը ինչպե՞ս կարող է ազատ գործել, եթե հիմնական իշխանությունը վարչապետի ձեռքում է լինելու:
-Երբ անցում եք կատարում խորհրդարանական կառավարման, բառն ինքնին հուշում է, որ գոյություն ունի հետեւյալը. հիմնական որոշումները կայացնում է խորհրդարանը, այսինքն՝ կոլեգիալ մարմինը: Այն որոշումները, որոնք, օրինակ, նախկինում նախագահն էր կայացնում, հիմա վարչապետն է կայացնում՝ խորհրդարանի հետ կազմակերպելով կառավարման գործընթացը: Նախագահը որպես ներկայացուցչական է, որպես պետության գլուխ մեր Սահմանադրությամբ ունի որոշակի գործառույթներ, օրինակ` երբ որ, ասենք, ներկայացնում են հաստատման այս կամ այն գործընթացի մեջ պաշտոնյայի, եթե համաձայն չէ, կարող է պատճառաբանություններով դիմել Սահմանադրական դատարան, որն էլ քննելով, ասենք, եթե լուրջ որոշումներ կան, կարող են որոշում կայացնել, մերժել: Իսկ մնացած բոլոր գործառույթները, այն, ինչ որ ունի կիսանախագահական եւ նախագահական կառավարման ձեւի դեպքում նախագահը, բնականաբար, խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում նախագահն այդ լիազորությունները չունի:
-Հանրապետության նախագահը հետեում է Սահմանադրության կատարմանը, ի՞նչ է ենթադրում այդ հոդվածը, նախագահի ո՞ր լիազորություններն են ծանրակշիռ ու ազդեցիկ:
-Ծանրակշիռ ու ազդեցիկ լիազորությունները հետեւյալն են. ինքը` որպես պետությունը ներկայացնող, նաեւ որպես պետության նախագահ, պետք է լինի այնպիսի մարդ, որը կկարողանա այդ դիրքը, պաշտոնը, ազդեցությունն օգտագործել տարբեր հարաբերություններում՝ սկսած միջազգային հարթակներից, երբ որ ներկայանում է հանդիպումներին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հոդվածին, ապա մենք ունենք Սահմանադրություն, որտեղ սեւով սպիտակի վրա տարբեր դրույթներ են ամրագրված, դա ենթադրում է հետեւել դրանց կատարմանը, ընթացակարգերին եւ այլ քայլերին: Եթե դրանք չկան, կարողանում է դիմել Սահմանադրական դատարան:
-Ամեն դեպքում, ըստ Սահմանադրության` նախագահը համարվում է պետության գլուխը:
-Դրա համար նշեցի, որ լիազորությունն ավելի համակարգող, ավելի ներկայացուցչական, ավելի ծանրակշիռ է: Եթե հաշվի առնենք նաեւ անցած ճանապարհ կամ որոշակի գործընթացների մեջ թրծված… ազդեցության առումով պետք է այնպիսին լինի, որ խոսքը ծանրակշիռ լինի, եւ տարբեր առումներով, նաեւ որպես պետության գլուխ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումներով, կարողանա լիազորությունները կյանքի կոչել:
-Բայց ՀՀ-ում ինչպե՞ս է հնարավոր լինել ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահ եւ թեկուզ անկուսակցական լինելով` քաղաքական առումով իշխող կուսակցությունից կախում չունենալ:
-Իհարկե, հնարավոր է, որովհետեւ այդ ձայների շեմը հաղթահարելու համար պետք է մեծամասնությունն իրեն առաջադրի: Եթե ավելի փոքր քաղաքական ուժ առաջադրի, այդ ձայները չունեն: Խորհրդարանական կառավարման ձեւը հենց սա է, որ որոշակի առումով համագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ եւ ունենա ավելի լայն վստահություն: Արմեն Սարգսյանն այն, ինչ անում է այս օրերին՝ հանդիպելով տարբեր շրջանակների հետ, հենց խորհուրդը դա է: Միգուցե ձայների առումով առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ին է պատկանում, բայց ամբողջ շերտերի ներկայացուցիչն է:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը