Փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Իշխանությունները, սակայն, այնքան էլ ակտիվություն չեն դրսեւորում` նորագույն պատմության կարեւոր էջերից մեկի` շարժման հոբելյանը նշելու հարցում: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց խորհրդային տարիների քաղբանտարկյալ, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, անկախական գործիչներից Ազատ Արշակյանի հետ:
-Պարո՛ն Արշակյան, մոտենում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, սակայն իշխանության կողմից պասիվություն է նկատվում այն նշելու առումով: Փոխարենը այլ առիթներ նշվում են մեծ շուքով: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը:
-Երկու կարեւոր պատճառով. Ղարաբաղյան շարժումը նաեւ ազգային-ազատագրական շարժում էր: Հայաստանը ստացավ անկախություն, անկախացավ Սովետական Միությունից: Սովետական Միություն ասելով` պետք է հասկանանք ռուսական իմպերիան: Այդ շարժումը հակառուսական, հակաիմպերիական շարժում էր: Հիմա դա նորաձեւ չէ: Այսօրվա իշխանությունը ազգային-ազատագրական ազատություն, ժողովրդավարություն դրանցից հեռու է, եւ նա դա չի կարող նշել, քանի որ նա հակաժողովրդավարական է, հակահայկական է: Երկրորդ` այն մարդիկ, ովքեր շարժումը սկսեցին եւ բերեցին իր տրամաբանական ավարտին` Հայաստանն անկախ հռչակեցին, նրանք այսօրվա քաղաքական իշխանությունից հեռացվել են: Այդ տոնը նշել եւ հիշել նրանց, նշանակում է` հիշել, որ նրանք հեռացվել են իշխանությունից, հիշել, որ իշխանությունները Արցախյան շարժման, Հայաստանի անկախության հակառակորդներն են: Իշխանությունը չի կարող նշել իր մրցակիցների տոնը:
-Այսինքն` այս իշխանությանն այս պահին ձեռնտո՞ւ չէ նշել տոնը:
-Իհարկե, ձեռնտու չէ: Մարդիկ, ովքեր կերտեցին անկախությունը, հեռացված են եւ հեռացված են, ոչ թե հենց այնպես բացակայում են, այլ հեռացված են եւ այսօր էլ համարվում են անցանկալի եւ իմպերիայի համար, ռուսական իմպերիան ունի տարբեր մականուններ, դա ռոմանոների կայսրությունն էր, հետո դարձավ Սովետական Միություն, հիմա ԵԱՏՄ: Սա ընդամենը մականուն է: Իրականում այս մարդիկ վերադարձել են նախաարցախյան շարժման կարգավիճակին: Արցախյան շարժման հոբելյանին պետք է նախօրոք պատրաստվեին, ակցիաներ պետք է անցկացվեին: Դա մեկ, երկու օրում չեն անում: Բացի այդ` այս տարի Առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակն է լրանում: Ընդհանրապես, ամբողջ տարին պետք է անկախության տարի հռչակվեր: Բայց իշխանությունը, որը երկիրը հանձնել է, անկախությունը հանձնել է, նա ինչպես պետք է նշի անկախության տոնը: Դա նշանակում է, որ հենց ինքն իրեն պետք է հակահերոս հայտարարի, հակահայկական, հակաարցախյան: Եթե ժողովրդավարություն չկա, անկախություն չկա, Արցախը կգնա այն կարգավիճակին, որ ունեցել է մինչեւ Ղարաբաղյան շարժումը: Մինչեւ անկախացումն Արցախը եղել է գերի:
-Ո՞ր իշխանությունը պատշաճ ձեւով կնշեր անկախությունը:
-Այն իշխանությունը, որն անկախությունը եւ ազատությունը համարում է արժեք: Այն իշխանությունը, որը համարում է, որ Արցախը Հայաստան է: Այդպիսի իշխանությունը կնշեր ե՛ւ անկախությունը, ե՛ւ միացումը:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ