ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխել է բնակության վայրը:
Գրետա Սողոմոնյան (69 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սողոմոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Ի դեպ, կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: