Հարց քաղաքացիներից` ի՞նչ սկզբունքով է աշխատանքային պայմանագիրը կնքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ սկզբունքով է աշխատանքային պայմանագիրը կնքվում: Եվ ցանկանում եմ իմանալ, թե ի՞նչ տեւողությամբ է փորձաշրջան սահմանվում աշխատանքի ընդունելիս:

Հրաչուհի Ազիզյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):
Տեղեկացնենք, որ փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈԻՐԴ». Ավելացնենք, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսգրքով: Ի դեպ, փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
1) տասնութ տարին չլրացած անձինք, 2) ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք, 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք, 4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:




Լրահոս