2017 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավարտեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների մասով նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան: Շուտով կլրանա այս աղմկահարույց քրեական գործերով դատաքննության մեկնարկի մեկ տարին, սակայն ամենագլխավոր հարցերից մեկը մնում է օդից կախված:
14 միլիոնի առեղծվածը
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց եւ ինքնակամ հանձնվելուց հետո հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված է եղել բանկոմատ, որտեղից հափշտակվել է 14 միլիոն 808 հազար դրամ: Արդյունքում «Սասնա ծռերի» անդամներից Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, Գառնիկ Հովակիմյանին ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:
Ուշագրավն այն է, որ իրավապահները մեղադրանքը առաջադրել են, սակայն մեղադրյալները, մասնավորապես Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը, հայտնել էին, որ Արմենը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը: Իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արայիկ Հակոբյանի մասով գողոնը չկա, ու ինքն էլ չի հասկանում, թե ինչ կապ կարող է ունենալ այդ բանկոմատի հետ:
Ու, փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ չնայած խմբավորման անդամներից 7 հոգու մեղադրանք է առաջադրվել` բանկոմատից գումար հափշտակելու համար, սակայն վերջիններս համոզված պնդում են, որ այդ գումարի հետ կապ չունեն: Ավելին` չկա նաեւ այն գումարը, որի հափշտակության մեջ մեղադրում են: Սա տարօրինակ է այն առումով, որ «Սասնա ծռերի» անդամներն այդ մի քանի օրը եղել են ՊՊԾ գնդի տարածքում, զրկված են եղել արտաքին աշխարհի հետ անմիջական շփումից, եւ այդ իսկ պատճառով նրանք չէին կարող գումարը դուրս ուղարկած լինել կամ ծախսել:
Եթե վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել, ապա նրանց մոտ պետք է հայտնաբերված լիներ գումարը, սակայն հափշտակված գումարից միայն 300 հազար դրամն է գտնվել: Իսկ ի՞նչ եղավ 14 միլիոն 508 հազար դրամը, հասկանալի չէ:
ՀՔԾ-ն` հափշտակված գումարի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը` 14 միլիոն 508 հազարը, հայտնաբերվե՞ց, թե՞ ոչ: Մեր այս հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին.«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ կազմակերպված խմբի անդամները ՊՊԾ գնդի բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան եւ այժմ դատաքննության փուլում է»:
Առաջ քաշված վարկածները
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հափշտակված գումարի ճակատագրից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ վարկածներից մեկով` բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը խմբի անդամներն այրել են: Ի դեպ, քննության փուլում, երբ իրավապահները չեն կարողացել գտնել գումարը, հենց այս վարկածն են առաջ քաշել:
Այսինքն՝ գումարը բանկոմատից հանելուց հետո, երբ «Ծռերը» հասկացել են, որ ստիպված են իրավապահներին հանձնվել, թեկուզ եւ վնաս տալու համար` փողը գնդի տարածքում այրել են. ո՛չ ինձ, ո՛չ քեզ սկզբունքով:
Վարկած 2` միգուցե գումարը ՊՊԾ գնդի տարածքում հողի մեջ են պահել կամ, ասենք, պատի քարերի մեջ, որեւէ հարմար տեղում, եւ իրավապահները չեն կարողացել մինչ օրս գտնել այն:
Վարկած 3` գումարը փաթաթել են քարի վրա եւ այն ՊՊԾ գնդի տարածքից դուրս են շպրտել. այդ դեպքում ո՞ւմ է հասել գումարը:
Վարկած 4՝ գուցե իրավապահները գտել ու իրե՞նք են «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» արել:
Վարկած 5՝ այդ գումարը բանկոմատում չի էլ եղել:
Ամենայն հավանականությամբ, իրավապահները առաջ քաշված վարկածների ուղղությամբ աշխատանքներ իրականացրել են, սակայն անարդյունք:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ բանկից պարզել. կորե՞լ է արդյոք գումարը, կամ գտնված մի մասը վերադարձվե՞լ է: Սակայն հրաժարվեցին մեկնաբանել՝ պատճառաբանելով իրավապահների մոտ տարվող քննության շարունակվող գործընթացը:
Այսպիսով` ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց անհետացած գումարը այդպես էլ չի հայտնաբերվել, եւ մնաց առեղծված, թե ում թեթեւ ձեռքով այն «հօդս ցնդեց»:
Քնար Մանուկյան