Հանրային խորհրդին լիազորություններ են պետք, հաշվի չեն նստում. Վազգեն Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը: Ըստ այդմ, նախատեսված է, որ Հանրային խորհուրդը դառնալու է կառավարության խորհրդակցական մարմին, այսինքն` կրկին վարչապետի ենթակայության ներքո: Բացի այդ` նաեւ փոխվելու է հանրային խորհրդի աշխատակազմի քանակը, եւ այն բաղկացած կլինի արդեն 45 անդամից:

Սակայն երեկ խորհդարանում քննարկումների ժամանակ պատգամավորներն այնքան էլ գոհ չէին հանրային խորհրդի գործունեությունից` նշելով, որ օգտակար գործունեության գործակիցը ցածր է:  Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, երեկ խորհրդարանում քննարկվեց «Հանրային խորհրդի մասին» նախագիծը, եւ պատգամավորներից շատերը քննադատեցին կառույցի գործունեությունը` ասելով, թե ՕԳԳ-ն ցածր է, առկա չէ:

-Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում դա: Ինձ թվում է` պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը: Իրենք կարող են մտնել կայքերը, նայել: Չնայած կայքերում տեղադրված է ոչ մեր ամբողջ աշխատանքը, որովհետեւ խորհրդատվությունների մի զգալի մասը, որ մենք անում ենք կառավարությանը, չենք տեղադրում, փակ քննարկումներ են լինում: Բայց հսկայական գործ է արել Հանրային խորհուրդը: Եթե հույսը դրել են` Ազգային ժողովը չաշխատի, հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված:

-Դուք ինքներդ կառույցի գործունեությունն օգտակար համարո՞ւմ եք, Ձեր խորհրդատվությանը հետեւո՞ւմ են:

-Ես գտնում եմ, որ այս լիազորությունների շրջանակում մենք բավականին լավ կարողանում ենք իրականացնել դա: Խորհրդատվական մարմինը, երբ մի բան առաջարկում է, պարտադիր չէ, որ դիմացինն ընդունի, դա Դուք ինքներդ եք հասկանում: Մենք պարտադիր որոշումներ չենք կարող ընդունել, պարտադրել կառավարությանը, ԱԺ-ին կամ նախագահին, որ փոխեն: Մենք կարող ենք խորհուրդ տալ, երբեմն այդ խորհուրդները լսվում են, շատ հաճախ օգտագործվում են, որոշ դեպքերում հաշվի չեն նստում խորհրդի հետ: Բայց ինձ թվում է, որ նորմալ աշխատանք է գնում: Իհարկե, կարելի է ավելի լավ աշխատել, բայց լիազորությունների շրջանակում, ես կարծում եմ, որ շատ նորմալ գործունեություն ենք ծավալել:

-Կոնկրետ կմատնանշե՞ք դեպքեր, երբ Ձեր խորհրդատվությանը հետեւել են:

-Պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մենք բազմաթիվ կոմպրոմիսային լուծումներ առաջարկեցինք, բայց ոչ մեկը չընդունվեց: Բայց, օրինակ, կապված հոսանքի գնի բարձրացման կամ ալյուրի հարստացման կամ կինո «Մոսկվայի» փոքր դահլիճը փակել-չփակելու հարցերով բավական լուրջ հաշվի են նստել մեր կարծիքի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, հանրային խորհուրդը, սակայն, ձեւական կառույց է համարվում, որը ստեղծվել է` հենց Ձեզ պաշտոն տալու համար:

-Եթե դա է մեր հասարակության մտահոգությունը, ես կարող եմ դուրս գալ: Եթե դա գոհունակություն կառաջացնի մարդկանց մոտ: Դա նաեւ գալիս է նրանից, որ նրանք չեն իմանում, թե ինչ է կատարվում աշխարհում: Հանրային խորհուրդները մոտավորապես 70 երկրներում կան եւ Սահմանադրությամբ են ամրագրված, օրինակ, Ֆրանսիայում: Մի մասը նշանակում է կառավարությունը, մի մասը հասարակության տարբեր շերտերի կողմից: Մյուս երկրներում էլ դա մեկ ընդհանուր մարմին է, սակայն լիազորություններն են տարբեր:

-Օրինակ` այս օրենքով ամրագրված դրույթները, փոփոխությունները որքանո՞վ արդյունավետ կլինեն:

-Առաջին կարեւոր փոփոխությունն այն է, որ մտել է Սահմանադրության մեջ արդեն: Եթե նախկինում նախագահի հրամանով էր ստեղծվել այս մարմինը, հիմա կա Սահմանադրության մեջ կետ, որ գոյություն ունի հանրային խորհուրդ, դա ստատուսը բարձրացնում է, այսինքն` կարեւորությունն ընդգծվում է: Ինչ վերաբերում է գործառույթներին, ապա մի քանի բաներ կան ավելացրած, իհարկե, կարելի էր ավելի շատ բան ավելացնել: Օրինակ` ՌԴ-ի հանրային խորհրդի վերաբերյալ որոշում կա, որ ցանկացած որոշում, եզրակացություն, որ ուղարկում են, իրենց Ազգային ժողովը պետք է պարտադիր քննարկի դա, իհարկե, կարող է մերժել, բայց չի կարող անտեսել: Այդպիսի լրացուցիչ մի քանի լիազորություններ տալիս են, եւ իր որոշումներն ավելի ազդեցիկ են դառնում կառավարության եւ ԱԺ-ի համար: Մեզ մոտ օրենքում գրված է, որ կառավարության խորհրդատվական մարմին է, ինքը որեւէ գործառույթներ` կապված ԱԺ-ի հետ, չունի:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս