«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Պաշտոնյաների մշակութային նախասիրությունները» խորագրով շարքը։ Մենք սովոր ենք քաղաքական գործիչներին տեսնել փողկապներով, ամբիոնների առջեւ, այնինչ` շատերն ունեն նաեւ մշակութային նախասիրություններ, ավելին՝ ոմանք արվեստի ոլորտում հաջողությամբ դրսեւորվում են նույնիսկ պրոֆեսիոնալ մակարդակով։
Այս անգամ մեր զրուցակիցն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է։
Ոչ բոլորը գիտեն, որ նա իր առաջին մասնագիտությամբ թատերագետ է, տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում հրապարակված թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ, սակայն թատերագիտությամբ պրակտիկորեն չի զբաղվել. «Անկեղծ ասած՝ չեմ ափսոսում դրա համար։ Երբ ուսանելու տարիներին պրակտիկա էինք անցնում Մոսկվայում, մասնավորապես՝ Լենինյան կոմերտմիության թատրոնում, տեսա մի շարք ֆանտաստիկ ներկայացումներ, մասնակցեցի «Համլետի» բեմադրությանը, տեսա Օլեգ Յանկովսկու, Իննա Չուրիկովայի խաղը՝ ամենաբարձր որակի։ Դրանից հետո, պետք է խոստովանեմ, Հայաստանում թատերագիտությամբ զբաղվելու ցանկությունն ինձ մոտ իսպառ մարեց։ Ուստի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես սկսեցի իմ լրագրողական գործունեությունը»,-մեկնաբանեց տիկին Զոհրաբյանը։
Եվ, այնուամենայնիվ, մինչեւ հիմա, երբ պատգամավորը գնում է թատրոն, ներկայացումը դիտում է թատերագետի աչքով։ Մեր զրուցակիցը խոստովանեց, որ մասնագիտական այդ աչքը իրեն օգնում է նաեւ լրագրության մեջ՝ ամեն ինչին քննադատորեն մոտենալու համար. «Թատերագետ լինելն ինչ-որ առումով խանգարում է կենտրոնանալ ներկայացման վրա, քանի որ կեղծիքն անմիջապես զգում եմ։ Ես ինձ համարում եմ էսթետ մարդ, եւ կեղծիքն ինձ պարզապես նյարդայնացնում է։ Եթե նույնիսկ կեղծ է խաղում ներկայացման երկրորդական դերակատարը, միեւնույն է, ես լքում եմ դահլիճը»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ քիչ ներկայացումներ կան, որոնք պրոֆեսիոնալ ռեժիսուրայի, սցենարի եւ դերակատարության առումով կարելի է հաջողված սինթեզ համարել. «Դրամատիկական թատրոնն, օրինակ, մի ներկայացում ուներ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»-ը, ես այն դիտել եմ 87 անգամ։ Հերոստրատի կերպարը կերտում էր Վլադիմիր Մսրյանը։ Դա փառահեղ մարմնավորում էր»,-հիշեց նա՝ հավելելով, որ ամուսնու՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մահից հետո՝ 2014 թ. ի վեր, թատրոն եւ կինո չի այցելել։
Նաիրա Զոհրաբյանին, ի դեպ, խորթ է բոհեմական միջավայրը։ Նա իրեն համարում է պրագմատիկ մտածողությամբ մարդ. «Չեմ կարող ինձ թույլ տալ սրճարանում նստելու, արվեստից, գրականությունից խոսելու շռայլություն։ Այդ պատճառով էլ ընտրեցի լրագրությունը՝ կոնկրետ եւ հստակ մասնագիտություն»,-եզրափակեց պատգամավորը։
Աննա Բաբաջանյան