«Մինչեւ թատրոնի շենքը չլինի, նոր ներկայացում չենք ունենա»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր ներկայացումներ են բեմադրվում թատրոնում։
Մեր զրուցակիցը հույս ունի, որ տարիներ շարունակ իր սեփական շենքին սպասող թատրոնի շինարարությունը կավարտվի այս տարի. «Ավարտել ենք շենքի նախագծային աշխատանքները, շուտով կլինի պրեզենտացիան, որից հետո պետք է հայտարարվի մրցույթ, որպեսզի սկսվի շինարարությունը։ Դժվարանում եմ կոնկրետ ժամկետներ ասել, բայց հույս ունենք, որ այս տարի կունենաք մեր թատրոնի շենքը»։
Հարցին, թե արդյոք այդ առնչությամբ հնչե՞լ են հավաստիացումներ, թե՞ դրանք պարզապես հույսեր են, պարոն Դադասյանը պատասխանեց. «Հիմա արդեն անիվը ետ շրջել հնարավոր չէ, ունենք տարածք, նախագիծը պատրաստ է, պարզապես ես անհամբերությամբ սպասում եմ, որ շենքը որքան հնարավոր է՝ շուտ լինի։ Մյուս տարի տոնելու ենք մեր թատրոնի պաշտոնական հիմնադրման 45-ամյակը։ Հույս ունեմ նաեւ, որ մյուս տարի կունենանք մանկական ներկայացումներ՝ թումանյանական թեմաներով»։
Ամեն դեպքում, պարոն Դադասյանը տեղեկացրեց, որ աշխատում է նոր բեմադրության վրա, այն կոչվում է «Պիերոյի երազը», էսքիզային աշխատանքներն արդեն արված են. «Լեոնիդ Ենգիբարյանին ասել են՝ ո՞վ է հեղինակում Ձեր մանրապատումները, նա պատասխանել է՝ Չեխովը, Դոստոեւսկին, Տոլստոյը հրաժարվում են հեղինակել ինձ համար, ստիպված ես եմ գրում։ Բանն այն է, որ սա յուրահատուկ ժանր է, հեղինակն ինքը բեմադրիչն է»,-մեկնաբանեց գեղարվեստական ղեկավարը։
Նա նաեւ նշեց, որ զբաղված է Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկոյի կազմակերպմամբ, դա նրան հանձնարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Համահայկական երգչախումբ պետք է աշխատի, բայց նաեւ բեմադրական մաս պետք է լինի, մանրամասներին կծանոթանաք ավելի ուշ»,-եզրափակեց պարոն Դադասյանը։
Անի Անտոնյան