Եթե կինը խելացի է, դրանով կարող է գրավել հակառակ սեռին․ Յանա Դանիելյանի կանացի «գաղտնիքները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանացի գրավչության, տղամարդուն գրավելու եւ կնոջ առաքելության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմիջ կոդ», «Ինչ եփել այսօր», «Առավոտ լուսո» հեռուստածրագրերից հայտնի հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ։

-Յանա՛, ո՞րն է տղամարդուն գրավելու գաղտնիքը։

-Ցանկացած կին, բացի արտաքին խնամքին հետեւելուց, պետք է նաեւ իր ներաշխարհը «խնամի» եւ ինքնագնահատականը բարձրացնի։ Այսինքն՝ կինն առաջին հերթին պետք է ինքն իրեն գնահատի, սիրի, որպեսզի դա նկատեն նաեւ մյուսները։ Կինը պետք է առաջին հերթին իմանա իր արժեքը։

-Եթե տղամարդն ինչ-որ պահի անուշադիր է կնոջ նկատմամբ, ապա…

-Պետք չէ ֆիքսվել դրա վրա։ Ցանկացած կին եթե մտածի այդ ուղղությամբ, անպայման ինչ-որ խոչընդոտ կգտնի։ Ուղղակի ամեն մեկը պետք է ապրի իր կյանքով, բարոյական չափանիշների մեջ անի այն, ինչ իրեն դուր է գալիս՝ չսահմանափակելով մյուսի կյանքը։ Երբ կինն իրեն ներքուստ լավ է զգում, մեծ հաշվով արդեն էական չէ՝ իրեն նկատում են, թե ոչ։ Բայց ասեմ, որ այդ դեպքում նա չի կարող ուշադրության կենտրոնում չլինել։ Հաջողությունն ինքնըստինքյան գալիս է։

-Կինը գեղեցիկ է, եթե…

-Եթե խելացի է, խելամիտ։ Դրանով նա կարող է գրավել հակառակ սեռին։ Իմաստությունը, իհարկե, գալիս է տարիների ընթացքում, միանգամից ձեռք չես բերի, բայց կարելի է գոնե խելացի լինել։ Խելացի կինը նա է, ով ճիշտ պահին ճիշտ որոշումներ է կայացնում։ Առհասարակ, կինը տղամարդուց տարբերվում է նրանով, որ տասը չափում է, մեկ կտրում։

-Կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։

-Ինձ թվում է՝ դառնում են։ Դա կախված է մարդու կրթված լինելուց, կանացի լինելն էլ առանձին մշակույթ է։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ այն մթնոլորտը, միջավայրը, որտեղ մեծանում է ապագա կինը։ Ամեն դեպքում, ես այն համոզման եմ, որ յուրաքանչյուր կին ունի համապատասխան հիմքն ու պոտենցիալը եւ եթե ունենա ուժ, եռանդ, անպայման կհասնի իր նպատակին։

-Կինը երբեք չպետք է թույլ տա, որ…

-Որ դիմացինը հանկարծ անցնի սահմանները։ Յուրաքանչյուր կին ունի իր աշխարհը, ապրում է իր ցանկություններով, իր պատկերացումներով, բայց կան չգրված կանոններ, որոնք չի կարելի խախտել։ Կինը պետք է իրեն այնպես դրսեւորի, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի անհարիր քայլ անել իր նկատմամբ։

-Ո՞րն է կնոջ մեծագույն առաքելությունը։

-Չեմ ուզի շաբլոն պատասխան տալ եւ ասել մայրանալը։ Կարծում եմ՝ դա առաքելություն չէ։ Առաքելությունն այն է, որ ունենալով ընտանիք, երեխաներ, ծնողներ` նա կարողանա պահել ընտանեկան խաղաղ մթնոլորտը։ Կանայք, որոնք մեծ մասամբ այսօր աշխատում են, պետք է կարողանան համադրել կենցաղը, անձնական կյանքն ու աշխատանքը, չմոռանան կին լինելու մասին։

-Ո՞վ կամ ովքե՞ր են կնոջ Ձեր իդեալները կամ նախընտրելի կերպարները։

-Կան կանայք, որոնք կերտել են մշակույթ, թողել են հսկայական հետք պատմության մեջ։ Կան անուններ, որոնք հնչում են մինչեւ այսօր։ Կնոջ ամենահետաքրքրիր կերպարներն ինձ համար Մոնիկա Բելուչին եւ Շարլիզ Թերոնն են։ Գուցե նրանք իրենց կանացիությունը շահարկելով՝ երբեմն նույնիսկ շոու են արել, բայց այն, ինչ արել են, գեղեցիկ են արել։ Ի դեպ, այս երկու կերպարների համադրությունից հետաքրքիր կերպար դուրս կգար։ Առհասարակ, յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ պիտանի բան վերցնել։

-Եվ վերջում՝ ո՞րն է կնոջ պարտավորությունը։

-Իմ կյանքում «պարտավորություն» բառը բացակայում է։ Ես չեմ ակնկալում պարտավորություններ նաեւ դիմացիններից։ Ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Միայն մի բան կարող եմ հստակ ասել՝ յուրաքանչյուր կին պարտավոր է երջանիկ լինել։ Կարեւոր է, որ կյանքդ ապրես երջանիկ, իսկ թե ինչպես դա կդրսեւորվի՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Երջանկությունն ամեն ինչի հիմքն է։

Անի Անտոնյան




Լրահոս