ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր նկարագրել Տեառնընդառաջի խորհուրդը: Որտեղի՞ց է եկել այս տոնը եւ ի՞նչ իմաստ ունի:
Անի Մարգարյան (29 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է եւ նշվում է փետրվարի 14-ին` Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Ղուկաս ավետարանիչը նշում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու: Այստեղ էր Սիմեոն անունով ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչեւ տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Մանուկ Հիսուսին եւ այստեղից էլ` «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:
Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգությունից հետո: Նշենք, որ երեկոյան ժամերգությունից հետո ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից պատրաստում էին ավանդական խեծաղը (աղանձը), որը նշանված աղջկա ծնողները նվիրում էին փեսացուին:
Այսպիսով` հայոց կենցաղում Տրընդեզի ավանդական ծիսահամալիրի մաս են կազմում տոնածիսական ուտեստը, նորապսակների ազգականների փոխայցելություններն ու նվիրատվությունները եւ ծիսական խարույկի հետ կապված արարողությունները, գուշակությունները, որոնց միջոցով ակնկալվում է սպասվող բերքի առատություն, անձնական երջանկություն եւ բոլոր տեսակի հիվանդություններից ձերբազատում:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում փողոցներում, դաշտերում եւ այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Երբ քահանան, կատարելով կարգը, իր մոմով առաջինը վառում էր դեզը, վառում էին նաեւ շարքի կանգնած նորապսակները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: