«Երկրորդ նախագահը մի անգամ խոստովանեց, որ գիրք կարդալ չի սիրում». ում է գիրք նվիրել Արտաշես Գեղամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ միայն իր հեղինակած գրքերն է նվիրում ընկերներին: Իսկ ի՞նչ գիրք է նվեր ստացել գործիչը. «Ամիսներ առաջ խնդրել էի ընկերներիցս մեկին, որպեսզի Մոսկվայից ինձ համար «Միր-սիստեմա մոդերնա» գիրքը ձեռք բերեր:

Եվ, փաստորեն, նա չէր մոռացել ու տոնի առթիվ այնտեղից ուղարկել էր ինձ այդ գիրքը: Շատ հետաքրքիր գործ է, որի հեղինակն ամենապայծառ ուղեղներից մեկն է` Իմմանուիլ Վալլերստայնը: 1-ին եւ 2-րդ հատորներին համացանցից ծանոթ էի, իսկ հիմա ունեմ արդեն 3-րդն ու 4-րդը: Սա ընթերցելով` հասկանում ես` թվում է, թե առաջընթաց է, բայց մարդկությունը նույնն է մնացել»:

Հարցին` ո՞րն է եղել վերջին կարդացած գիրքը, Գեղամյանն ասաց, որ զուգահեռաբար մի քանիսն է ընթերցում` հիմնականում աշխարհաքաղաքական թեմաներով: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատգամավորներից ո՞ւմ մոտ է նկատում ընթերցանության պակաս, Գեղամյանն ասաց. «Նման խնդիր չեմ դրել իմ առջեւ, որ փորձեմ հասկանալ` ով չի սիրում ընթերցել: Բայց հիշում եմ, որ երկրորդ նախագահը մի անգամ խոստովանեց, որ գիրք կարդալ չի սիրում»: Պատգամավորն ընդգծեց նաեւ, որ ընթերցանությունը քաղաքականության մեջ բավական օգնում է:




Լրահոս