ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իրավունք ունի՞ իր ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:
Վարդուհի Մնոյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ` 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3. եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավելի` 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին ներկայացվող պահանջներն ու սահմանափակումները տարբեր են:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային կենսաթոշակային հատկացումների պարտադիր դրույքաչափը սահմանված է բազային աշխատավարձի 10%: 10%-ից ավելի կուտակել ցանկացողները դա կարող են անել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների կամ բանկերի միջոցով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: