ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը պարտվեց ՀՀԿ-ական ընտրակեղծարարներին: Բանն այն է, որ դեռ 2017թ. նոյեմբերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` պատիժը պայմանականորեն չկիրառելով:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը վերաքննիչ դատարանի արդարացման դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանում` պահանջելով ընտրակեղծարարին, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկել եւ 2 տարվա ազատազրկման դատապարտել, որ նա կրի կալանավայրում: Սակայն նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց գլխավոր դատախազի տեղակալի դիմումը` ջրից չոր դուրս բերելով ընտրակեղծարարին: Հատկանշական է փաստը, որ Կաղզվանցյանն Արմավիրի մարզում մշտապես աչքի է ընկել ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու «սովորությամբ»:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է` Նովոն, եւ ասում են` վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումների վրա այդ հանգամանքն է ազդեցություն ունեցել, դե, բնականաբար, Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգի «շնորհիվ»: Ու պետք է արձանագրենք` սրանով իրավապահ համակարգը պարտվեց ՀՀԿ-ական ընտրակեղծարարների խունտային: