ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցական պատգամավորն ազդվել էր Արփինե Հովհաննիսյանի ելույթից. ինչու կողմ քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Նախագիծը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Ինչպես եւ սպասելի էր` իշխանությունների կողմից այս նախագիծը քննադատության արժանացավ:

Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 9 դեմ եւ 5 կողմ ձայներ, որի պատճառով էլ այն ստացավ բացասական եզրակացություն: Սակայն ուշագրավն այն էր, որ նախագծին դեմ քվեարկածների թվում է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստից հետո նրանք հայտարարություն էին տարածել եւ խոսել հենց ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Սակայն այսքանից հետո ՀՅԴ-ական պատգամավորը դեմ է քվեարկում:

Նախագծի քննարկումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ում համար եւս անսպասելի էր դաշնակցական պատգամավորի այդպիսի քայլը: «Ես հասկանում եմ ՀՀԿ ներկայացուցիչներին, իրենց քաղաքական էլիտան հայտարարել էր, որ դեմ է փոփոխությանը, ուստի ՀՀԿ-ականները չէին կարող այլ դրսեւորում ցուցաբերել: Ինձ համար առնվազն հասկանալի չէր ՀՅԴ ներկայացուցչի քվեարկությունը, երբ որ դեռեւս այս տարվա փետրվարի 2-ին, ՀՅԴ Գերագույն մարմինն ու Բյուրոն ընդունել են հայտարարություն, որտեղ իրենք խոսում են այս ռեյտինգային համակարգի անընդունելության մասին: Արմեն Ռուստամյանը քանիցս ասել է, որ իրենք անպայմանորեն փորձելու են համոզել ՀՀԿ-ին՝ հետ կանգնել այս ընտրակարգից: Մենք չենք կարծում, որ համոզելը ճիշտ ճանապարհ է, որովհետեւ կարող է եւս մի 125 տարի իրենք համոզեն, եւ ՀՀԿ-ն այդպես էլ չհամոզվի», – նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա դեմ գնաց ՀՅԴ որոշմանը:

-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ դեմ քվեարկեցիք «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծին: Ի վերջո, ՀՅԴ-ի ներկայացուցիչները եւս հայտարարել էին ռեյտինգային համակարգից հրաժարվելու ցանկության մասին:

-Նախ նշեմ, որ հարակից զեկուցող տիկին Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում շեշտեց, որ տվյալ ձեւաչափով նման օրենքի նախագիծ քննարկելը ճիշտ չէ, եւ նման օրենքի քննարկումը ենթադրում է ավելի լայն հասարակության շերտերի մասնակցություն: Ֆորմատն այս հարցի քննարկման, այս օրենքի նախագծի ավելի մեծ պետք է լինի, որովհետեւ այս նոր ընտրակարգով նոր ընտրությունները, որ մեկ տարի առաջ տեղի ունեցան, ինքն ունի իր ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերը, եւ նման օրենքի նախագծին միանգամից կողմ քվեարկել եւ ընտրական օրենսգիրքը փոփոխելը, իմ կարծիքով, ճիշտ չէ, եւ նույն` տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ չեն բացառում, որ հնարավորություն ստեղծվի նոր ձեւաչափով այս հարցը քննարկել:

-Իսկ Դուք Ձեր տեսակետը հայտնե՞լ եք խմբակցության ղեկավարին, քանի որ նրանք հստակ նշել են վարկանիշային համակարգից հրաժարվելու ցանկության մասին:

-Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, եւ հստակ այս տարբերակի հետ կապված, չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է: Համենայնդեպս, այս պահին այդպես եմ կարծում, ինչքանով որ ես հիշում եմ: Եվ նշեմ նորից, որ այս հարցը լայն քննարկման հարց է: Եվ նման քննարկումով, այսինքն` ոչ բովանդակային քննարկումը սխալ է: Այստեղ պետք է լինեին ե՛ւ ոլորտի փորձագետներ, ե՛ւ փորձը քննարկվեր տարբեր երկրների, ինչպես նաեւ վեր հանվեին այն բացերը, բացթողումները եւ դրական կողմերը, որոնք այս ընտրական օրենսգիրքն ունի: Եվ միանշանակ կողմ լինել կամ դեմ լինել այս ձեւաչափով, ես կարծում եմ, որ ճիշտ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս