«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոնը» անունը կրող բնության հուշարձանը, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, վտանգված է: Բնապահպանների եւ այլ քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ հուշարձանի տարածքում շինարարություն է սկսվել, առայժմ փայտե տաղավար է կառուցվում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 22-ին լրագրողներին տեղեկացրել է, որ շինարարության մասին ահազանգը ստանալուց հետո տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են տարածք եւ կասեցրել շինաշխատանքները։ Նախարարը նշել է, որ շինարարական աշխատանքները կկասեցվեն այնքան ժամանակ, մինչեւ կպարզվի` արդյո՞ք դրանք իրականացվում են հուշարձանի տարածքում, թե դրա սահմաններից դուրս։
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ի՞նչ պարզվեց. «Ահազանգը բնապահպանության նախարարությունը փոխանցել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որպեսզի վերջինս տեղում ուսումնասիրություններ կատարի: Փետրվարի 22-ի առավոտյան 10:00-ից ուսումնասիրությունները սկսվել են: Պարզվել է, որ շինարարությունը բնության հուշարձանի տարածքում չի կատարվում, այլ այդ տարածքից մոտ 12 մետր հեռավորության վրա: Շինարարություն իրականացնող անձը ունի սեփականության իրավունք տվյալ հողամասի վրա, որը նա ստացել է դեռեւս 2008 թվականին»,-պատասխանեց նա՝ հավելելով, որ չեն ճշտել, թե ում է տարածքը պատկանում, չեն էլ կարող պատասխանել, թե ինչ շինություն է կառուցվում:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նաեւ շեշտել էր, որ եթե անգամ շինարարությունը հուշարձանի սահմաններում չէ, այն գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ. «Դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,-ասել էր նա:
«Կարծում եք՝ «Քարերի սիմֆոնիայի» ճակատագրով առհասարակ անհանգստանալու կարիք չկա՞»,-հարցրինք մենք Արմեն Վարդանյանին. «Անհանգստանալու խնդիր ունենք այն առումով, որ գեղատեսիլ գետի կիրճում է կառուցումն ընթանում, դա գուցե էթիկական առումով հաճելի լինի, բայց բնապահպանական առումով խրախուսելի չէ: Բայց դա սեփականացված տարածք է»,- պատասխանեց նա:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից հետաքրքրվեցինք՝ ընթացող շինարարությունը գետի սանիտարական գոտու պահանջներին բավարարո՞ւմ է, թե՞ ոչ: Նա մեզ խնդրեց հարցերն ուղարկել գրավոր եւ խոստացավ պատասխանել ավելի ուշ:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ «Քարերի սիմֆոնիան» ունիկալ հուշարձան է, եւ դրանից նույնիսկ 12 մետր հեռավորության վրա որեւէ շինություն կառուցելու դեպքում տեղի է ունենում լանդշաֆտի, էկոլոգիական միջավայրի խախտում. «Մի կողմից ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել, մյուս կողմից` անհատներն ինչ ուզում՝ անում են բնության հուշարձանների մոտ: «Քարերի սիմֆոնիայի» մոտ ինչ էլ կառուցվի, սխալ է: Տարիներ առաջ գեղեցիկ քարերն ավերվել էին, եւ մասնավոր անձինք տարել էին դրանք, հիմա էլ հուշարձանի մոտ շինարարություն են անո՞ւմ»,-մեկնաբանեց նա:
Ինչ վերաբերում է Արմեն Վարդանյանի այն մեկնաբանությանը, թե գետի կիրճում շինարարությունը «բնապահպանական առումով խրախուսելի չէ», Կարինե Դանիելյանն ընդգծեց. «Գետի կիրճում էլ սխալ է շինարարություն իրականացնելը, դա կազդի հենց գետի լանդշաֆտի վրա, բացասական ազդեցություն կարող է ունենալ գետի հոսքի, ջրի որակի վրա»:
Հիշեցնենք, որ բնապահապանության նախարարությունն ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատել է հուշարձանի տեխնիկական անձնագիրն ու սահմանները: Նախարարությունը դեռեւս մեկ տարի առաջ առաջարկել էր «Քարերի սիմֆոնիան» Գառնի համայնքի հաշվեկշռից տեղափոխել Խոսրովի անտառ արգելոցի հաշվեկշիռ։ Նախարարության այս առաջարկն առայժմ անարձագանք է մնացել. համայնքի ղեկավարությունը ձգձգում է որոշման ընդունումը։
Նշենք նաեւ, որ բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչեւ ձորի գլուխ եւ ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու եւ բյուրեղացման արդյունքում:
Աննա Բաբաջանյան