Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. փետրվարի 8-ին որոշում է ստորագրել՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Ըստ այդ որոշման` պարգեւատրումը կատարվել է 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով, պարգեւատրման գումարները տրվել են մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, ուր հրապարակված է մարզպետի տվյալ որոշումը, չկա կից հավելվածը: Այսինքն` պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի՞ ծառայող է պարգեւատրվել, յուրաքանչյուրը որքա՞ն դրամով, ինչքա՞ն է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը: Միաժամանակ պարզ չէ, թե 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները պարգեւատրման արժանի ի՞նչ հաջողություններ են գրանցել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ 2017թ. հուլիսի 13-ին թիվ 142-Ա որոշումով մարզպետ Հ. Աբովյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական աշխատողներին պարգեւատրել է` հիմք ընդունելով 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքները: 2017թ. հունվարին 31-ին մարզպետը թիվ 34-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է` որպես հիմնավորում նշելով 2016թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքները: Պետական բյուջեից պարգեւատրվել են մարզպետարանի ոչ միայն քաղաքացիական ծառայողները: 2016թ. դեկտեմբերի 22-ին 188-Ա որոշումով մարզպետը 2016թ. պետական բյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել է մարզպետարանի աշխատակազմի հայեցողական եւ աշխատակազմի բարձրագույն ու գլխավոր անձանց: Այդ որոշմանը կից հավելվածը եւս մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակվել:
Տավուշի մարզում բազմաթիվ կարեւոր ծրագրեր չեն իրականացվում պետական բյուջեում դրա համար ֆինանսական միջոցներ չլինելու պատճառաբանությամբ, իսկ մարզպետարանի աշխատակազմը համեմատաբար բարձր աշխատավարձ ստանալով` տարիներ շարունակ պետական բյուջեից պարգեւատրվում է: Հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով: Ի տարբերություն դրա` մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն, դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը: Թե ինչու է Հովիկ Աբովյանը գաղտնի պահել պարգեւատրված աշխատակիցների անունները, մնում է միայն ենթադրել. հավանաբար որոշել է խտրականություն դնել սիրելիների եւ ոչ սիրելիների միջեւ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ