Հարց քաղաքացիներից` տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հատուկ կամ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին կամ նրա խնամակալը: Եվ խնդրում եմ ասեք` կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում տուն-ինտերնատում խնամվողը:

Անահիտ Հարությունյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին (Գործակալություն): Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» եւ «Կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ» տեղեկանքների ձեւաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այդ որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

Միաժամանակ հայտնում ենք, որ տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիներին տրամադրվում է խնամք տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում: Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:




Լրահոս