ՀԱՐՑ. Ես ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: Խնդրում եմ ասեք` եթե ես ցանկանում եմ օգտվել սոցփաթեթի այնպիսի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իմ հաշվում առկա դրամական միջոցները, ապա կարո՞ղ եմ մուտքագրում կատարել իմ հաշվին: Ես կցանկանայի իմանալ` հնարավո՞ր է կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները:
Լիզա Սուքիասյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սուքիասյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռված է յուրաքանչյուր աշխատողին եւ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին եւ փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:
Սոցիալական փաթեթի գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: