Բացեք 2003 թվականից սկսած բոլոր պրոցեսները և տեսեք՝ «Ժառանգության» անդամները որտեղ են եղել. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է խոսելու արտախորհրդարանական ուժերի դերի մասին: Փաստ է, որ Հայաստանում ակտիվ են միայն խորհրդարանում առկա քաղաքական ուժերը, այն էլ բացառապես խորհրդարանական ամբիոնի շնորհիվ, երբ կարողանում են պարբերաբար հանդես գալ կարեւորագույն հարցերի, օրինագծերի վերաբերյալ` երբեմն աղմկելով, երբեմն այս կամ այն ուժերով պայմանավորվածությունների մեջ մտնելով: Իսկ արտախորհրդարանական ուժերը, հատկապես փոքր կուսակցությունները, երբ քաղաքական լրջագույն իրադարձություններ չկան, ակտիվանում են միայն ընտրությունից ընտրություն:

«Ժառանգություն» կուսակցությունը եւս բացառություն չէ. 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձախողված ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Ժառանգությունը» այս ընթացքում ստվերում էր: Սակայն փետրվարի 26-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որտեղ կուսակցության ղեկավար է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2002 թվականից սկսած, «Ժառանգություն» կուսակցությունը ղեկավարում էր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նորընտիր ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ղեկավարի փոփոխությունից իրենց հիմնական ուղենիշը չի փոխվելու, եւ կուսակցությունն իր գործունեությունը շարունակելու է այնպես, ինչպես նախկինում:

-Պարո՛ն Մարտիրոսյան, կուսակցության վարչության նիստում ընտրվել եք «Ժառանգության» նախագահ: Ինչո՞ւ նման փոփոխություն եղավ:

-Պարոն Հովհաննիսյանն է սկզբում առաջարկել, հետո` վարչության այլ անդամները: Րաֆֆի Հովհաննիսյանն այսուհետ քաղաքական խորհուրդը կհամակարգի:

-Որպես արտախորհրդարանական ուժ` ակտի՞վ գործունեություն եք ծավալելու:

-Ե՛վ որպես արտախորհրդարանական ուժ ենք միշտ ակտիվ գործել, ե՛ւ որպես խորհրդարանական, եւ հիմա որպես էլի արտախորհրդարանական ակտիվ գործելու ենք:

-Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում: Եվ արդեն կան ուժեր, որոնք հայտարարում են, թե պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: «Ժառանգության» ծրագրերում նման օրակարգ առկա՞ է:

-Մեզ մոտ որեւէ անձի դեմ պայքարի օրակարգ չկա, մեզ մոտ կա արմատական բարեփոխումների օրակարգ՝ հանուն Հայաստանի եւ հանուն մեր քաղաքացիների օրակարգ, եւ ակնհայտորեն այդ օրակարգը կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն: Ուստի մենք այդ գծի մեջ ենք միշտ եղել եւ այդ գծի մեջ էլ լինելու ենք:

-Եթե առաջիկայում նման գործընթացներ լինեն, հնարավո՞ր է` «Ժառանգություն» կուսակցությունը եւս միանա:

-«Ժառանգությունը» մինչեւ հիմա Հայաստանում ինչ գործընթաց եղել է, որտեղ եղել է հասարակության եւ քաղաքացու շահերի պաշտպանություն, մենք այդտեղ կանգնած ենք եղել: Իհարկե, խոսքը չի գնում կեղծ գործընթացների, իմիտացիաների մասին, այլ իրական գործընթացների:

-Կեղծ ասելով նկատի ունե՞ք նաեւ նախաձեռնող ուժերին:

-Ուժը կարեւոր չէ: Կարեւոր է, թե ինչ օրակարգ է առաջ քաշվում, այդ օրակարգի բովանդակային լուծման ուղղությամբ իսկապես քայլեր են ձեռնարկվում, այլ ոչ թե իմիտացիոն քայլեր: Այդ ժամանակ «Ժառանգությունը» միշտ էլ ակտիվ մասնակցություն ունեցել է:

-Առաջիկայում Հայաստանում իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Հայաստանում իշխանափոխության հիմքեր միշտ կան: Եթե իշխանափոխության հիմքեր չլիներ, որեւէ ընտրություն երբեւիցե որեւէ իշխանություն չէր կեղծի: Սա, կարծում եմ, շատ ակնհայտ է դարձնում ամեն ինչ:

-Դուք նշեցիք, թե «Ժառանգություն» կուսակցությունը միշտ ակտիվ է եղել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին մշտապես քննադատել են, հատկապես նրա համար, որ վերջինս անընդհատ արտերկրում է լինում, չի զբաղվում կուսակցությունով:

-Դա Հայաստանի քաղաքական միֆերից մեկն է, որ ինքը ԱՄՆ-ում է շատ լինում: Դուք չեք տեսել որեւէ ընտրություն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության ցենզի հետ կապված խնդիր առաջանա: Որովհետեւ ինքը ճնշող մեծամասնությունը՝ 12 ամսից առնվազն 10 ամիսը, Հայաստանում է լինում: Դրա համար նման բան չկա: Ընդ որում, նա ոչ միայն ԱՄՆ-ում է լինում, այլ նաեւ Եվրոպայում, հատկապես ԵԺԿ կուսակցություն մտնելուց հետո: Ընդ որում, նա որտեղ էլ լինի, Հայաստանի շահը պաշտպանում է, այդ թվում Թուրքիայում: Դրա համար այդպիսի կեղծ օրակարգ գոյություն չունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում ավելի շատ է լինում, քան Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է ակտիվությանը, Դուք բացեք 2003 թվականից սկսած բոլոր պրոցեսները եւ տեսեք՝ «Ժառանգության» անդամները որտեղ են եղել, ու կզգաք, որ չի եղել որեւէ պրոցես, որ «Ժառանգության» անդամները եղած չլինեն:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս