«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը կարելի է ասել՝ եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե ութ տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել եւս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա: Բայց նա արձանագրում է նաեւ, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:
Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը: Բանն այն է, որ դրական գնահատականներին եւ պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաեւ երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, եւ վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ: «Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանեւրի ճանապարհը եւ հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, եւ արդյոք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը:
Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես աճի ներառականության մասով, ինչպես նաեւ մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան:
Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանը ամենեւին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը եւ փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենեւին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: