«ԵԼՔ»-Ը ՄՈՌԱՑԵ՞Լ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին, եւ իրենք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի: Ինչպես եւ սպասելի էր` ընդդիմադիր խմբակցության առաջարկը մերժվեց:

«Ինձ համար միանշանակ է, որ 1998-ի, 2003-ի, 2008-ի, 2012-ի, 2013-ի ընտրությունները կեղծված են եղել: Գործող իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ իշխանությանը եկել են կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքում»,- նշեց նա` հավելելով, թե 2008-ի Մարտի 1-ի ոստիկանության ողջ ղեկավար կազմը շատ արագ փոխվել է, եւ սա ցույց է տալիս, որ իշխանությունն ընդունել է իր մեղքը: Նա ասաց, որ Մարտի 1-ի փաստահավաք խումբը լուծարելն ապօրինի էր:
Հանձնաժողովի նիստում հիմնական բանավեճն ընթանում էր Նիկոլ Փաշինյանի եւ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի միջեւ: Իր խոսքում նախկին գլխավոր դատախազը նշեց, որ Մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում եւ ամոթալի հարց է, ամոթ է բոլորիս: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես Մարտի 1-ի գործով դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման: Շատ է ասվում այդ շեշտադրմամբ, որ Մարտի 1-ը բոլորիս ամոթն է, ես, որպես այդ գործով դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է: Չգիտեմ անձնապես Ձեր ներգրավվածությունը, բայց ասում եմ՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»:
Ի վերջո, քննարկման արդյունքում պատգամավորները բացասական եզրակացություն տվեցին ներկայացված նախագծին: Սակայն այսքանով «Ելք» խմբակցությունն ավարտված չի համարում այս հարցի քննարկումը: Մասնավորապես վաղը ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ օրը մինչ այս եղած փաստերը համակարգված ձեւով նիստի ժամանակ հնչեն: «Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հնարավորություն ունեն նաեւ դրան հակադարձելու եւ հակափաստարկներ ներկայացնելու: Կարծում եմ, որ նրանք հնարավորություն կունենան հրապարակայնորեն ընդդիմանալու դրան, եւ հանրությունը կկարողանա գնահատել թեր եւ դեմ կողմերի ճշմարտացիությունը եւ համոզիչ լինելը», – նշեց նա:
Զեյնալյանի խոսքով` դեպքերից 10-ը տարի անց որեւէ բացահայտում առկա չէ, մեղավորները բացահայտված չեն: «Զոհերի հարազատները չեն ստացել արդարացի փոխհատուցում, խախտված են նրանց հարազատների կյանքի իրավունքը, արդյունավետ քննության իրավունքը եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը», – հավելեց նա:
Նշենք, որ «Ելք» խմբակցությունը լսումներին ներկա լինելու համար հրավիրել է տարբեր անձանց, այդ թվում փաստահավաք խմբի անդամներին: Օրեր առաջ էլ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ այդ նիստերին մասնակցելու հրավեր էր ուղարկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն մերժում ստացել: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ներկայացնելով կուսակցության պաշտոնական պատասխանը, նշել է. «Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսը Մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու կարիքը չեն զգում` համարելով, որ իրենք սպառիչ կերպով բացահայտել են Մարտի 1-ի ոճրագործությունը ողջ ասպեկտներով: Կոնգրեսի բոլոր փաստարկներն ու պահանջները մնում են ուժի մեջ: Մարտի 1-ի դատին մենք մեր բոլոր կարողություններով հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ: Այդ դատի շրջանակներում առաջիկա մարտի 1-ին «Հայ ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակից կկազմակերպի Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ»:
Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ «Ելք» խմբակցությունը լսումներին մասնակցելու համար չի հրավիրել 2008 թվականին իշխանության գլխին եղած անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, փոխվարչապետ, Ս. Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Թե ինչո՞ւ է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշել չհրավիրել այն ժամանակվա իշխանություններին, փոխարենը հիշել ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջնորդի` ընդ որում, իմանալով, որ նա չի գա, պարզ չէ: «Ժողովուրդ»-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ քայլը. «Հրավիրել ենք քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներ, անձիք, ովքեր լավատեղյակ են իրադարձություններին, փաստահավաք խմբի անդամներն են հրավիրված»: Հարցին՝ իսկ այդ ժամանակ իշխանության եղած անձանցից որեւէ մեկին ինչու չեք հրավիրել, նա նշեց. «Այդ լսումներին անձանց հրավիրելու հնարավորություն ունեն նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՋՐԻ ՀԱՐՑՈՎ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Ոռոգման ջրի խնդիրը խիստ մտահոգել է Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների: Այս տարի տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղապետեր ոռոգման ջրի մասով իրենց մտահոգությունները փոխանցել են ոչ միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, այլեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: ՀՀ Արմավիրի մարզի Ամասիայի գյուղապետ Գարիկ Ավդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարզպետարանից խոստացել են էլեկտրական պոմպեր տեղադրել գյուղում: «Ճիշտն ասած` մարդիկ հուսահատված են: Այս քանի օրվա ընթացքում մի քանի կաթիլ անձրեւ եկավ, հույս տվեց, բայց դա շատ քիչ է`ջրամբարները լցնելու համար: Մարզպետարանից խոստացել են, որ խորքային հորեր կդնեն: Հիմա հույսներս դրել ենք մարզպետարանի վրա: Մենք հորեր ունենք, մնում է` իրենք իրենց միջոցներով էլեկտրականություն քաշեն, պոմպեր գնեն ու տեղադրեն: Եթե երկու հատ էլ խորքային հոր դնեն, ապա հարցի մեծ մասը կլուծվի»,- հույս հայտնեց Ամասիայի գյուղապետ Գ. Ավդալյանը:
Նշենք, որ Ամասիայի բնակիչների մեծ մասը հեկտարներով հողատարածքներ ունեն եւ հիմնականում զբաղված են լոլիկի, վարունգի, սմբուկի, պղպեղի մշակությամբ:
Պարզվում է, որ գյուղի բնակիչները գրեթե ամեն օր ջրի խնդրով անհանգստացնում են գյուղապետին: «Բոլորը մտածում են, թե ոնց է լուծվելու ջրի հարցը: Ես էլ իրենց մտահոգությունները փոխանցել եմ իմ ղեկավարությանը` մարզպետարանին, ջրային տնտեսության պետական կոմիտեին: Իրենք խոստացել են, որ ամեն գյուղում, որտեղ ոռոգման ջրի խնդիրը լուրջ է, խորքային հորեր կտեղադրվեն: Բնականաբար, գյուղացին էլ ջուրը կգնի»,- նկատեց Ամասիայի գյուղապետը:
Նրա խոսքերով` խորքային հորերից գյուղացիները «նեղն ընկնելուց կօգտվեն»: Բայց կա մեկ այլ խնդիր` խորքային հորերում էլկտրական պոմպեր տեղադրելը կապված է մեծ ծախսերի հետ: Ոչ միայն գյուղապետը, այլեւ գյուղացիները հույս ունեն, որ այդ ծախսերը կհոգա մարզպետարանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ…»
Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ միայն իր հեղինակած գրքերն է նվիրում ընկերներին: Իսկ ի՞նչ գիրք է նվեր ստացել գործիչը. «Ամիսներ առաջ խնդրել էի ընկերներիցս մեկին, որպեսզի Մոսկվայից ինձ համար «Միր-սիստեմա մոդերնա» գիրքը ձեռք բերեր: Եվ, փաստորեն, նա չէր մոռացել ու տոնի առթիվ այնտեղից ուղարկել էր ինձ այդ գիրքը: Շատ հետաքրքիր գործ է, որի հեղինակն ամենապայծառ ուղեղներից մեկն է` Իմմանուիլ Վալլերստայնը: 1-ին եւ 2-րդ հատորներին համացանցից ծանոթ էի, իսկ հիմա ունեմ արդեն 3-րդն ու 4-րդը: Սա ընթերցելով` հասկանում ես` թվում է, թե առաջընթաց է, բայց մարդկությունը նույնն է մնացել»: Հարցին` ո՞րն է եղել վերջին կարդացած գիրքը, Գեղամյանն ասաց, որ զուգահեռաբար մի քանիսն է ընթերցում` հիմնականում աշխարհաքաղաքական թեմաներով: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատգամավորներից ո՞ւմ մոտ է նկատում ընթերցանության պակաս, Գեղամյանն ասաց. «Նման խնդիր չեմ դրել իմ առջեւ, որ փորձեմ հասկանալ` ով չի սիրում ընթերցել: Բայց հիշում եմ, որ երկրորդ նախագահը մի անգամ խոստովանեց, որ գիրք կարդալ չի սիրում»: Պատգամավորն ընդգծեց նաեւ, որ ընթերցանությունը քաղաքականության մեջ բավական օգնում է:

 

 

ԷԼԻ ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Զավարյան 16 հասցեում գործող իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու եւ ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության եւ որակի ապահովման խնդրին, ասել էր. «Ուղղակի շանտղություն է, երբ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»: Նկատենք, սակայն, կառավարությանն այդպես էլ չի հաջողվում վերջ դնել «շանտղությանը». ասվածի ապացույցը մի կողմից թռչնամսի շուկայում հայտնաբերված խախտումներն էին, հետո` Ամանորի նախաշեմին կրկին ձիու եւ ավանակի մսի իրացման փորձերը: Հիմա, փաստորեն, կրկին նման փորձ է արվում:




Լրահոս