ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՂԹ ՄՐՈՏԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս անցած տարվա մարտ ամսից դժգոհում է համատիրությունների աշխատանքից եւ համապատասխան գերատեսչություններին հանձնարարություններ տալիս: Բայց այդպես էլ այս խնդիրը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ՀՀ մարզային քաղաքներում լուծում չի ստանում. համատիրությունների աշխատողները` իրենց կոռումպացված նախագահների հետ միասին, շարունակում են անարդյունավետ աշխատել:

Նշենք, որ Երեւանում գտնվող 4878 բազմաբնակարան շենքերից 4643 կառավարումն իրականացվում են 191 համատիրությունների, 146-ը` լիազորագրային կառավարիչների, 89-ը` վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ըստ ՀՀ կառավարության` ներկայումս հանրապետության շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին:
Համատիրությունների անարդյունավետ աշխատանքից վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին անգամ դժգոհեց անցած տարվա մարտի 23-ի կառավարության նիստին: Հենց այդ ժամանակ նա մի շարք գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հանձնարարականներ տվեց: Նա ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին հանձնարարել էր եւ առաջարկել 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձեւի, ինչպես նաեւ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ:
«Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»,- նշել էր վարչապետը:
Մի քանի օրից կլրանա վարչապետի տված հանձնարարականի մեկ տարին, սակայն Հայաստանում համատիրությունները շարունակում են աշխատել նույն ոճով` անտարբեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մեկ տարվա ընթացքում պատկան կառույցները վարչապետի համատիրություններից դժգոհության հետքերով առարկայական ոչինչ չեն արել: Իսկ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակիչները դեռ շարունակում են առնետներով ու աղբով լի մուտքերից օգտվել: Չենք խոսում աղբի գարշահոտությունից, որը գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում առկա է: Դրան գումարած բարձրահարկ շենքերի վերելակների անսարքության խնդիրը եւ այսպես շարունակ:
Պարզվում է` այս մեկ տարվա ընթացքում համատիրությունների հարցերով զբաղվող պատկան մարմինները օրենք են մշակում: Օրեր առաջ Կարեն Կարապետյանը Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարեց, որ համատիրությունների վերաբերյալ օրենք են պատրաստում եւ փորձում են նոր ինստիտուտ ներդնել: Ըստ այդմ` մտադիր են արդյունավետ կառավարիչների ինստիտուտ ձեւավորել: Արդյոք կհաջողվի նրանց, ժամանակը ցույց կտա:
Բայց մինչ այդ նկատենք, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները համատիրության հետ ամենեւին էլ հույսեր չեն կապում, իսկ ծագած խնդիրները փորձում են լուծել իրենց սեփական միջոցներով: Անգամ, երբ շենքի վերելակն է փչանում, շենքի բնակիչներն են գումար հավաքում շարժիչի, տարբեր մասերի համար, մասնագետ են կանչում ու նորոգում: Ասել է, թե այսօր շենքերի բնակիչները իրենք են իրենց գլխի ճարը տեսնում: Մինչդեռ տարբեր համատիրությունների նախագահները շարունակում են պնդել, որ իրենք անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով է, որ աշխատանքներ չեն անում: Համատիրությունների աշխատողները մշտապես արդարանում են` պնդելով, որ բնակիչները իրենց գումարներ չեն վճարում, որպեսզի հավաքագրված գումարներով կարողանան աշխատանքներ իրականացնել: Իսկ բնակիչներն էլ հայտարարում են` եթե տեսնեին, որ համատիրությունը մտածում է իրենց մասին, ինչ-որ աշխատանքներ է իրականացնում, ապա ժամանակին պարտաճանաչ կվճարեն նախատեսված վարձերը: Փոխարենը համատիրության աշխատողները պատճառաբանում են, որ հազիվ են գումարները հավաքագրում, ինչը անգամ չի բավարարում` համատիրության աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:
Պատկերը նույնն է ինչպես մայրաքաղաքի` մի քանի հարյուրի հասնող, այնպես էլ մարզային քաղաքների մի քանի տասնյակ բոլոր համատիրություններում: Քաղաքապետարանի բյուջեն հնարավորություն չունի լիովին իրականացնելու քաղաքի բազմաբնակարան շենքերի պահպանությունը` հոգ տանելու շենքերի վերելակների, տանիքների, մուտքերի դռների պահպանման եւ նորոգման ու բարեկարգման համար, համատիրություններն էլ չեն կարողանում անհրաժեշտ գումար հավաքել: Բայց իրականում համատիրությունները ընդհանրապես չեն գործում, տպավորություն է, որ զբաղված են միայն ձեւական թղթախաղությամբ: Իսկ եթե շենքի բնակիչները չեն վճարում, սա նշանակում է, որ այդ կառույցի կատարած աշխատանքները պարզապես չեն տեսնում: Մինչդեռ համատիրության աշխատողները պարտավոր են բնակչին համոզել, որպեսզի վճարումներ անեն, ցույց տան, որ այդ գումարը ներդրվել է այսինչ գործի համար: Այս դեպքում հարց է առաջանում` ինչի համար են համատիրությունները, եթե չեն կարողանում իրենց գործառույթները պատշաճ կարգով իրականացնել: Միայն ընտրությունների ժամանակ են կարողանում գործող իշխանություններին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»: Քանի որ նրանք լիովին տիրապետում են, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն: Համաձայնեք, որ նրանք այս հարցում ուղղակի անփոխարինելի են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՌ ՈՉԻՆՉ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունումը Թուրքիայի համար առ ոչինչ է եւ միայն ապացուցում է Արեւմուտքի` երկակի չափանիշներով քաղաքականություն վարելը:
«Ցավոք, Արեւմուտքը չի հրաժարվում իր երկակի չափանիշներից: Նիդեռլանդների խորհրդարանի` 1915-ի վերաբերյալ վերջին որոշումն էլ դրա վերջին վառ օրինակն է: Այն մեզ համար առ ոչինչ է»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդեւինդը խորհրդարան էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների` դեռեւս 2004թ. ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԹԱՐՄՈՒԹՅԱՄԲ ՄԻՍ
Հայաստանի Հանրապետության ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Երեւանի Խորենացու փողոցում տեղակայված մսի տաղավարներում կասկածելի թարմությամբ միս է հայտնաբերել: ՍԱՊԾ հաղորդագրության համաձայն` կատարվել են նմուշառումներ եւ ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության` մինչ այդ կասեցնելով վաճառքը: Արդեն լաբորատոր հետազոտությամբ սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Բայց 125 կգ միսը եղել է կասկածելի թարմությամբ, չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, եւ որոշում է կայացվել միսն ուղարկել գազանանոց: Թեեւ սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով դեռեւս պարտադիր պայման չէ, սակայն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողներին հորդորում է միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ եւ սահմանված այլ նորմերին համապատասխան:
Հիշեցնենք` կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը` այդ ժամկետին համահունչ:




Լրահոս