«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը զարմացած-զայրացած է լրագրողական համքարության վրա` իր մտքերը սխալ ցիտել-մեկնաբանելու համար։ Դուք ինչ ասել եք, այն էլ գրվել է` ասացինք նրան։ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա նշանակում է, որ լրագրողները կոմպետենտ չեն, չեմ ուզում ասել՝ տգետ են. ասված է, չէ՞․ չուկչա նե չիտատել, չուկչա պիսատել»: Ինչի՞ց եք դժգոհ։
«Գիտեք, խորհրդարանական լսումների ժամանակ ես ասել եմ այն, ինչ ասել եմ 10, 9, 8 տարի առաջ։ Երբ ինձ հարցնում էին` ինչո՞ւ հանձնաժողով չեն հրավիրվել, հարցաքննվել առաջին եւ երկրորդ նախագահները, ես ասել եմ` հանձնաժողովն ունի լոկ նրանց հրավիրելու եւ ոչ հարցաքննելու իրավունք, ինչն էլ արել ենք։ Ինքս ԱԺ ամբիոնից բաց հայտարարությամբ առաջին եւ երկրորդ նախագահներին հրավիրել եմ, բայց նրանք չեն եկել»: Իսկ ինչո՞ւ հետեւողական չեք եղել, որ գան: «Դա նրանց իրավունքն էր, ինչն էլ նրանք արել են: Ընդ որում՝ գիտե՞ք այս ամենում ամենահետաքրքիրը որն է. նախկիններում նույն լրագրողները գրում էին, որ ես խնդիր եմ դրել մեղքն առաջին նախագահի վրա բարդելու, հիմա էլ գրում են, որ երկրորդ նախագահի վրա եմ բարդում»։
Դա նրանից է, որ Դուք ասացիք` Քոչարյանն ասել է՝ մեքենայի հետեւից կրակում էին, դրա համար մենք անցանք «կոնտրուդառի», սակայն կրակելու ոչ մի ապացույց չկար, ոչ մի ոստիկան չէր վիրավորվել: «Ոչ, ես միշտ նույն բանն եմ ասել, ինչ այդ օրը, բայց լրագրողական աշխարհին ձեռնտու էր, որ այլ մեկնաբանություն լինի, եւ կենտրոնացումն էլ լինի երկրորդ նախագահի վրա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: