ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևան քաղաքում գործող «18+» ակումբի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, մի խումբ անձանց և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Միջադեպի մասնակիցներ Տ. Գ.-ն և Բ. Գ.-ն հայտնել են, որ վիճաբանությունից հետո ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի առանձնասենյակ և ծեծի ենթարկել:
Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներից միայն Տ. Գ.-ն ու Բ. Գ.-ն են բերման ենթարկվել ոստիկանություն, մինչդեռ ոստիկանների ներկայությամբ վերջիններիս բազմաթիվ հարվածներ հասցրած և մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, այդ թվում` ակումբի աշխատակիցներին, ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն բռնել են, սակայն տեղում բաց թողնելով` ոստիկանության բաժին բերման չեն ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկել նրանց ինքնությունները պարզելու ուղղությամբ` հանցանքի մեջ կասկածվող անձանց հնարավորություն ընձեռելով հեռանալ դեպքի վայրից:
Բացի այդ, նաև տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ, ինչի արդյունքում ակումբի աշխատակիցը միջադեպից հետո` հենց ոստիկանների ներկայությամբ և նրանց տեսադաշտում լվացել է դեպքի վայրը` այդպիսով վերացնելով հանցագործության հետքերը:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մեկ այլ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Դ.-ն 11.02.2018թ.-ին գնացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցը նշված բաժնի բակում Ա. Դ.-ի ձեռքից բռնելով` քաշել ու գցել է գետնին, ապա` քաշելով բարձրացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է նախաքննություն: