Նոր կարգը դեղատներին տնտեսական վնաս է հասցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից դեղերի բացթողման նոր կարգը իսկական պատուհաս է դարձել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ դեղատների աշխատողների ու բժիշկների գլխին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Նշենք, որ մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների եւ կոդեին պարունակող դեղերի նկատմամբ:

Արդեն երեք օր է` ինչ դեղերի բացթողման նոր կարգը գործում է, բայց փոխարենը դեղատներում առեւտուր չկա: Բանն այն է` երբ հայտարարվեց, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղերի բացթողման նոր կարգը, ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում սկսեցին մեծ հերթեր գոյանալ: Մարդիկ տոպրակներով դեղեր էին գնում: Նրանք խիստ անհանգստացած էին, քանի որ մարտի մեկից որոշակի դեղեր գնելու համար պետք է ունենային հատուկ դեղատոմս` բժշկի կողմից լրացված: Այսինքն` այսուհետ նրանք պետք է այցելեն բուժհաստատություն եւ ժամերով հերթեր կանգնեն` դեղատոմս ձեռք բերելու համար: Ինչպես հայտնի է` այդ այցելությունը միայն մեկ բժշկով չի ավարտվելու. չէ՞ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ ծախսեր է ենթադրում: Սա առիթ էր դարձել, որպեսզի քաղաքացիները մինչեւ մարտի 1-ը դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:

Արդյունքում` արդեն երեք օր է`ինչ դեղատներում, կարելի է ասել, առեւտուր չկա: Որոշ դեղատների վաճառողներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին, որ այս նոր կարգը բացասական ազդեցություն է ունեցել դեղերի իրացման ծավալների վրա, եւ դեռ երկար ժամանակ այս վիճակը կպահպանվի: «Ում ինչ դեղ պետք էր, այստեղից-այնտեղից գումար պարտք անելով` մեծ քանակությամբ եկավ, տարավ, որ ստիպված չլինի հերթական անգամ այցելել բժշկի` դեղատոմս վերցնելու համար: Բայց հետո չգիտենք` ինչ է լինելու. սա ինչ-որ չափով մեր առեւտրի վրա կազդի, քանի որ պարզապես չեն գա դեղ գնելու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց երեւանյան դեղատներից մեկի վաճառողը` միաժամանակ նկատելով, որ այն օրերին հերթեր էին գոյացել, իսկ այսօր որոշ դեղերի դեֆիցիտ կա:

Ի դեպ, անգամ դեղատներ կան, որոնք դեռ շարունակում են դեղեր վաճառել` առանց հատուկ դեղատոմս պահանջելու: Ինչպես հայտնի է` վերահսկողություն իրականացնող, ասել է, թե ե՛ւ բժշկին, ե՛ւ դեղատանը տուգանող մարմինը դեռ կազմավորման փուլում է:

Մյուս կողմից` պոլիկլինիկաները, երբ սովորաբար բազմամարդ են լինում, այս օրերին հակառակ պատկերն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից: Նրանց պատմելով` իրենք մոտենում են պոլիկլինիկաների բժիշկներին եւ խնդրում են դեղատոմս գրել, սակայն վերջիններս հրաժարվում են` ուղարկելով մի շարք հետազոտությունների, արդյունքում եղել են նաեւ վեճեր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս