Հերթական շիլաշփոթն առողջապահական համակարգում. eHealth համակարգին միացումը` դժգոհությունների առիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարությունը հանրությանը օր օրի զարմացնում է ընդունած նոր կարգերով, որոշման նախագծերով: Տպավորություն է, թե կառավարությունը, առողջապահության նախարարությունը որոշել են ժողովրդին փորձարկումների ենթարկել: Ու սա այն դեպքում, երբ գործ ունենք կարեւորագույն ոլորտի հետ: Դեղերը դեղատոմսով բացթողման կարգի շիլա-շփոթը դեռ չվերացրած, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անցել է մեկ այլ ոլորտ ապականելու: Այս անգամ թիրախում են հայտնվել ատամնաբույժները, դեղատները, ախտորոշիչ լաբորատորիաները, անգամ պոլիկլինիկաները: Բոլորին պարտադրվում է միանալ eHealth համակարգին:

Բանն այն է, որ ՀՀ կառավարության` անցած տարվա օգոստոսի 24-ի որոշման համաձայն, որը երեկվանից ուժի մեջ է մտել, ատամնաբույժներն ու դեղատները պետք է ներդնեն առողջապահության էլեկտրոնային համակարգ: Այս համակարգի ներդումից առաջինը իրենց դժգոհությունը բարձրաձայնեցին Շիրակի մարզի ատամնաբույժները: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում շիրակցի ատամնաբույժներին կմիանան նաեւ մյուս մարզերի եւ մայրաքաղաքի ստամատոլոգները:

Իսկ մինչ այդ նկատենք, որ ՀՀ կառավարության` վերոնշյալ որոշման համաձայն` լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման եւ սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ:

Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը սկսվել է անցած տարվա վերջին: Այսինքն՝ քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք, նույնականացման քարտի եւ գաղտնաբառի միջոցով հնարավորություն ունի ծանոթանալ իր հիվանդության պատմությանն ու առցանց գրանցվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում է այցելել: Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրմանը «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է եւ բարձրաձայնել բուժհաստատությունների` այդ համակարգի վերաբերյալ մտահոգությունները:

Նախ` հիշենք, որ էլեկտրոնային համակարգի ներդրմանը միանալը սկզբում հայտարարվում էր, որ անվճար է լինելու, ապա օրեր անց պարզ դարձավ, որ բուժհաստատությունները դրանից օգտվելու համար պետք է վճարեն: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ատամնաբույժների եւ դեղատների աշխատողների դժգոհությունները փորձեց փոխանցել համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանին: Նշենք, որ Գեւորգյանը «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալն է: Սակայն Գեւորգյանին չհաջողվեց գտնել:

Բացի այս, մեկ այլ խնդիր եւս, որը առաջ են քաշում հատկապես մարզերի գյուղերի դեղատների ղեկավարները: Բանն այն է, որ կառավարության նույն որոշմամբ` դեղատունը կամ դեղատնային կրպակը պետք է ապահովված լինի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով` յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար:

Իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ: Բայց ամենեւին էլ գաղտնիք չէ, որ մարզային ոչ բոլոր քաղաքներն ու գյուղերն են ապահովված ինտերնետով: Այսօր գյուղերում մարդիկ մի կերպ են կարողանում դեղատնային բիզնեսով զբաղվել` դրա համար ծախսելով իրենց վերջին կոպեկը, գրավադրելով տունը: Իսկ կառավարությունն իր այս որոշմամբ նրանց պարտադրում է համակարգիչ ձեռք բերել, ինտերնտ ունենալ, նոր աշխատող վարձել: Սրանք հավելյալ ծախսեր են, որոնց պատճառով չի բացառվում, որ շատ դեղատներ ուղղակի չեն դիմանան եւ կփակվեն: Մյուս կարեւոր խնդիրը անձնական տվյալների գաղտնիությանն է վերաբերում: Լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում պետք է ապահովի տվյալների թարմացումը, հաճախորդների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության եւ բժշկական պատմագրի տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին: Բայց ըստ ատամնաբույժների` սրանով վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը:

Նաեւ ատամնաբույժների խոսքերով` առողջապահության նախարարությունը չի բարեհաճել իրենց հետ քննարկել: Չէ որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է առողջապահության նախարարությունը հաշվի առնի նման որոշում ընդունելուց, պարտադրելուց առաջ: Բացի այդ` նրանց պատմելով` ներդրվող համակարգի վերաբերյալ իրենց նախապես պատշաճ չեն իրազեկել: Ստամատոլոգները դժգոհում են նաեւ, որ համակարգի ներդման վերջնաժամկետ սահմանվել է մարտի 6-ը, ինչին իրենք պարզապես չեն հասցնի: Ատամնաբույժներն ու դեղատների աշխատողները համոզված են, որ այս համակարգի ներդրման արդյունքում կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, դեղերը, քանի որ լրացուցիչ ծախսեր են առաջանալու:

Այսինքն` նրանց պարտադրվում է գնել համակարգիչ, վարձել աշխատող, գումարով ծրագրային սպասարկում ձեռք բերել: Ինչն էլ, բնականաբար, իր բացասական հետեւանքն է թողնելու ծառայության արժեքի վրա: Փաստորեն այս ամենից հետո սպասենք ատամնաբուժական ծառայությունների եւ դեղերի գների բարձրացմանը: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաների տնօրեններն ավելի են մտահոգված, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնելու, ինչի արդյունքում հնարավոր է` դադարեցնեն գործունեությունը:

Ստեղծված իրավիճակը խոսում է իշխանությունների անպատասխանատվության եւ պաշտոնյաների՝ իրենց վերապահված ոլորտներից անտեղյակության մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս