Զովունիի եզդիներից խլե՞լ են գերեզմանատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ այժմ իրենք իրենց հանգուցյալների համար գերեզմանատուն չունեն:

«Մենք` եզդիներով, հարյուր տարի է` ապրում ենք Զովունի գյուղում եւ մեր ազգային սովորույթների համաձայն` պետք է ունենայինք առանձին գերեզմանատուն: Մենք սովորություն չունենք մեր հանգուցյալին հուղարկավորենք այլ, առանձին գերեզմանոցում: Մեր օրենքը դա մեզ թույլ չի տալիս: Մենք Զովունի գյուղում ունեինք մեր առանձին գերեզմանատունը, որը 103 տարվա վաղեմություն ունի: Այնտեղ անգամ 1915 թվականին թաղված հանգուցյալ ունենք: Մեր նախնիները, բարեկամները ցանկապատել էին այդ տարածքը: Բայց վերջերս պարզ դարձավ, որ այդ գերեզմանատունը այլեւս մերը չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց Ազիզ Թամոյանը:

Նա պատմեց, որ տվյալ հողատարածքը, որը նախատեսված է եղել գյուղի` ազգությամբ եզդի բնակիչների գերեզմանատան համար, Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի կողմից օտարվել է: Ըստ Ազիզ Թամոյանի` նախկին գյուղապետը այդ հողատարածքը վաճառել է իր տղային: «Այսօր (երեկ, հեղ.) մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է: Ինչպես կարելի է նման բան անել: Հիմա մենք տեղ չունենք, որ մեր հանգուցյալներին թաղենք: Դա խիստ վտանգավոր է ու անմարդկային, ժողովուրդը մտադիր է բողոքի ակցիա անել, ճանապարհ փակել, դիմել միջազգային կառույցներին: Բա սա ազգային խտրականություն չէ՞: Տեղ չկա հուղարկավորելու»,- հուսահատված նկատեց Թամոյանը:

Զովունիի մեկ այլ` 72-ամյա բնակիչ Սուրիկ Փափազյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք անգամ փաստաթուղթ ունեն, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ այդ հողատարածքն իրենցն է: «Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզպետ աշխատելու տարիներին գյուղի եզդի համայնքին համապատասխան փաստաթուղթ տվեց` ստորագրությամբ, կնիքով, որ այդ հողը մերն է, եւ այն կարող ենք ծառայեցնել որպես գերեզմանատուն: Բայց փաստորեն հիմա գերեզմանատուն չունենք: Ի՞նչ անենք, հանրապետությունից թողնենք, գնա՞նք, մեր գերեզմանատունն էլ մեր ձեռքից խլեն: Մենք նախապես ոչնչից տեղյակ չենք եղել: Մենք ճանապարհ ենք փակելու»,- զայրացած նկատեց 72-ամյա Փափազյանը:
Փոխարենն այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Այս թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Զովունիի նակին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր դեռեւս 2016 թվականին, երբ համայնքի ղեկավարի հերթական ընտրության ժամանակ նա պարտվեց: Բայց մինչ պարտվելը, նա աճուրդի էր հանել գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հողակտորներ: Մի քանի աճուրդներ «Ժողովուրդ» օրաթերթի բարձրաձայնելուց հետո չեղարկվեցին: Բայց չի բացառվում, որ եզդիների գերեզմանատունը եւս Ավետիսյանը էժան գնով թաքուն-թաքուն վաճառել է իր սեփական որդուն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս