Կուսակցությունների 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ից. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում չկա քաղաքական համակարգ, կուսակցությունների 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ից: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կարևոր է` մենք ծրագիր ունե՞նք, թե չունենք, շատերն ասում են՝ լավ, էս մի բանն արեցիք, ժողովուրդն եկավ, իշխանափոխություն արեցին, հետո ի՞նչ է լինելու, ո՞ւմ են բերելու Այդ հարցին այսօր կփորձեմ միանշանակ պատասխանել: Բոլոր այն քաղաքական գործիչները, ուժերը, որոնք դժգոհ են այս իրավիճակից, իրենք, ըստ էության, խոսում են փոփոխությունների մասին: Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային»,–հայտարարեց  Մարտիրոսյանը:

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե  ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածություն առաջադրելու, քանի որ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: «Եվ դա ասում են ընդդիմադիր գործիչներ: Լավ, իշխանությունը նման բան ասի, էլի հասկանալի է, բա ընդդիմադիրներն ինչպե՞ս են նման բան ասում , երբ նույնիսկ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում հաստատել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում»,-շարունակեց նա:

Նա հավելեց, թե Ազգային համաձայնության այն ժամանակավոր կառավարությունը, որը պետք է ձևավորվի, պետք է լինի կարճաժամկետ: Նրա գործունեությունը պետք է հիմնված լինի 3 բանի վրա՝ մեկը նոր Սահմանադրություն, երկրորդ. պետք է լինի ընտրական օրենսգրքի ընդունումը, և կուսակցությունների մասին նոր օրենք:




Լրահոս