Խորհրդարանում Հայաստանի չորրորդ նախագահի ընտրություններն ընթացան ինտրիգներով: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 101 պատգամավորներից 90-ի կողմ ձայներով ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում: 1 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, իսկ ահա 10 պատգամավոր դեմ էին քվեարկել: Հենց այստեղ էր թնջուկը. նախապես միայն 7 հոգանոց «Ելք» խմբակցությունն էր խոսել դեմ քվեարկելու մասին, բայց արդյունքում ստացվեց, որ կողմ քվեարկելու մասին հայտարարած երեք խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք եւս դեմ են քվեարկել Սարգսյանին: Միայն թե, պարզ չէ, թե որտեղի՞ց էին այդ 3 դեմ ձայները: Այս առթիվ ԱԺ ե՛ւ ՀՀԿ, ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ «Ծառուկյան» խմբակցություններում խլրտումներ են սկսվել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ում կան ծպտյալ ելքականներ: Հիմա պարզե՞լ եք` ովքե՞ր են:
-Մենք արդյունքներից գոհ ենք: Հանրապետական կուսակցությունն ունի 58 պատգամավոր, եւ մենք ունենք 90 ձայն: Դա երեւի ամեն ինչ ասում է: Դա նաեւ այն արձագանքն է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը 98 քվեարկողներից վաստակել է 96 ձայն: Եվ, բնականաբար, մենք նման հետաքննություններ չենք կատարում, թե ովքեր են, որովհետեւ մենք ունենք բավական լուրջ ցուցանիշ, որը գոհացնում է: Նույն հաջողությամբ կարող ենք հակադարձել` որպեսզի «Ելք»-ի տունը կռիվ չգցենք, խնդրել էինք, որ մեր պատգամավորները դե՞մ քվեարկեն: Այդ ժամանակ նորի՞ց իրենք են կողմ քվեարկել: Ոչ թե երեքն են եղել, այլ յոթն են եղել: Այսինքն` դա աբսուրդ է, չեմ ուզում դրան անդրադառնալ: Մենք պետք է բարի երթ մաղթենք մեր նորընտիր նախագահին եւ նման հայտարարություններին ավելի լավ է` հումորով վերաբերվենք եւ փիլիսոփայորեն:
-Այսինքն` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը լուրջ չե՞ք վերաբերվում:
-Ես Ձեզ եմ լուրջ վերաբերվում: Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ Դաշնակցության երեք պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքի՞: Ցայտուն ձեւով եղավ մի ընտրություն: Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք: Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները:
-Այսինքն` կա՞ն մարդիկ ընդդիմության մեջ, ովքեր ի շահ Հանրապետականի են աշխատո՞ւմ:
-Եզրակացությունը թողնում եմ Ձեզ:
-Բայց այլ կուսակցություններից սլաքները գնում են թե՛ Հանրապետականի, թե՛ Դաշնակցության կողմ` 10 դեմ ձայների առումով: Ի՞նչ կարող եք ասել:
-Քվեարկության ժամանակ որպեսզի կասկածներ չլինեն, մենք կանենք բաց քվեարկություն: Գաղտնի քվեարկության իմաստն այն է, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքն արտահայտել: Կարող էր` ոչ թե 90, այլ 80 լիներ, որը մեզ բավարարում է լիովին:
-Բայց չե՞ք բացառում, որ Հանրապետականից կարող էին լինել դեմ քվեարկողները:
-Արդեն պատասխանեցի. մեզ համար հետաքրքիր չէ` որտեղից է: Իսկ ում հետաքրքիր է, թող պեղումներ կատարի:
-Պարո՛ն Բաղդասարյան, նախագահի ընտրության քվեաթերթիկում մի անուն էր: Այս դեպքում հե՞շտ էր կողմնորոշվելը, թե՞ դժվար էր:
-Այլ ուժերի սահմանադրական իրավունքն էր. կարող էին Զ ձայներով այլ թեկնածու էլ առաջադրեին: Մենք ընտրել ենք ճիշտ, արժանավոր թեկնածու: Դրա մասին բարձրաձայնեց նաեւ հանրապետության նախագահը, ՀՀԿ առաջնորդը: Ես զարմանում եմ նույնիսկ, թե ինչպե՞ս կարելի է նման թեկնածուին դեմ քվեարկել:
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, 10 դեմ ձայն կար, սակայն «Ելք» դաշինքում այդքան պատգամավոր չկա: Գուցե՞ դեմ քվեարկողները եղել են «Ծառուկյան» դաշինքից:
-Դա փակ, գաղտնի քվեարկություն է, եւ այսօր կասկածել մեկին, իմ կարծիքով` անբարոյականություն է: Մենք բարձրաձայնել ենք, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո եղել է նաեւ հանդիպում մեր կուսակցության ղեկավարի հետ: Եվ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել: Չեմ կասկածում, որ այդ հանդիպումներից հետո որեւէ մեկը դեմ քվեարկեր: Ամեն մեկն իր խղճի մտոք է քվեարկում, եւ կասկածել այս պատգամավորին, այն պատգամավորին, անբարոյականություն է:
-Այս դեպքում գուցե՞ խնդիր առաջանա կուսակցության ղեկավարի հետ, ով ցանկանա ճշտել` իսկապես բոլորը քվեարկել են կո՞ղմ, թե՞ դեմ ձայները եղել են «Ծառուկյան» դաշինքից:
-Ես չգիտեմ: Այդ վարկածները տրամաբանության վրա պիտի լինեն: Ճշտել, թե ով ինչ է արել, կարծում եմ, որոշակի դժվարություններ կլինեն:
-Չի բացառվում, որ գուցե՞ Հանրապետականից են ոմանք որոշել այդ կերպ քվեարկել: Կա՞ ՀՀԿ-ում պատգամավոր, ով կհամարձակվեր այդպես քվեարկել:
-Ով խղճի դեմ է գնացել, եւ խմբակցությունը, որում գործում է, հակառակ բանն է արել, ուրեմն եթե հնարավոր էլ չէ դա ապացուցել, ինքն իր խղճի դեմ պետք է պատասխան տա:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՌՆԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԿԱ՞Ն
Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին նախատեսում էր Ազատության հրապարակում հավաք անցկացնել: Ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր. «Դուխով ու առնական տղամա՞րդ եք, մարտի 1-ին եկեք Ազատության հրապարակ, կանչում եմ»: Իհարկե, մարտի 1-ին Ազատության հրապարակում մարդիկ կային, սակայն հիմնականում նրանք այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն էին, ովքեր հավաքվել էին` հարգելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, այլ ոչ թե նրա կոչին հետեւած անձինք: «Ժողովուրդ» օրաթերթը Մուշեղ Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ ինչու նրա կոչին հետեւողներ չեղան:
-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք առնական տղամարդկանց առաջարկել էիք մարտի 1-ին հավաքվել: Ձեր կոչին հետեւողներ եղե՞լ են:
-Հա՛, եղել են: Իմ հայտարարության մեջ նաեւ զուգահեռաբար նշել եմ, որ չնայած գիտեմ, որ չեն գալու, բայց դա ընդհանրապես ինձ չի մտահոգում: Ես ընդամենը ուզում էի, որ թեկուզ լրագրողներ լինեին եւ հարց տային հավաքվածներին:
-Այդ օրն Ազատության հրապարակում հիմնականում ընդդիմադիր ուժերն էին, բայց նրանք Ձեր կոչով չէին եկել:
-Այո՛, ես տեսա նրանց: Օրինակ` իմ գյուղից երիտասարդներ կային, որ եկել էին եւ նաեւ Երեւանից էին եկել, ովքեր ինձ ճանաչում են եւ մոտավորապես գիտեին, թե ես ինչ եմ ցանկանում: Ինձ ընդհանրապես չհուզեց, որ ինչ-որ քաղաքական ուժեր չկան: Ես ո՛չ կուսակցության ղեկավար եմ, ո՛չ էլ պետական չինովնիկ եմ, ես հայ զինվոր եմ, ով ցանկանում է` իմ ապրած, մնացած օրերը լինեն ի օգուտ ժողովրդի:
-Բայց Ձեզ չտխրեցրե՞ց, որ կոչին չհետեւեցին: Փաստորեն, առնական տղամարդիկ չկա՞ն:
-Չէ՛, դա ավելի ուրիշ զգացում է: Ես չեմ կարողանում հասկանամ` ինչքան հզոր, խելացի ազգ էինք, ես չեմ ուրանում: Չեմ հասկանում` ինչ է կատարվում հայրենի հողում, եւ ինչ անել, որ օգուտ լինի: Պարզվում է` առնական տղամարդիկ չկան: Ռոբերտ Քոչարյանը մի ժամանակ ասում էր` Հայաստանում տղամարդ չկա, հիմա պարզվում է` առնական տղամարդ չկա: Ես իմ ասածը ցանկանում եմ դարձնել շարժում:
-Նիկոլ Փաշինյանն է պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Կմիանա՞ք:
-Նիկոլ Փաշինյանն իրենից բան չի ներկայացնում, որ միանամ, բայց ես` որպես հայ քաղաքացի, պարտադիր կերպով այնտեղ կլինեմ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՆԱԶԱՐՅԱՆԸ ՆԿԱՐԵԼ Է
Երեկ խորհրդարանում դեռեւս շարունակվում էր քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունը, որը սկանդալի վերածվեց, երբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց բոլոր անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, սակայն երկու դեմ է հայտարարվել: ՀՀԿ-ականները երեկ մասնավոր զրույցներում նկատում էին, թե «Ելք»-ը, ըստ երեւույթին, գտել է իրենց մեջի «դավաճաններին», այդ պատճառով էլ աղմուկ չեն բարձրացնում եւ իրավապահ համակարգին չեն դիմում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արմեն Սարգսյանի քվեարկությունից հետո քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ամբողջությամբ տեսանկարահանել է գործընթացը եւ մեկ առ մեկ հաշվել բոլոր քվեաթերթիկները:
ՀԻՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 3600 եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ ըստ ՄԻԵԴ-ի` «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս հունվարի 11-ին: Իսկ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է: Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` իր օգտին կայացված Վարչական դատարանի դատական ակտը կատարելու համար` պատճառաբանելով, որ դիմումատուին առաջարկել են երեք այլ հողատարածք, որը նրա կողմից մերժվել է:
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար անձինք, պարզվում է, ապրելու խնդիր չունեն: Նրանցից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը եւս ոչ պակաս ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի` ունի երկու հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, հասարակական նշանակության մեկ շինություն եւ երկու ավտոմեքենա` «Toyota Land Cruiser Prado 3.5», «Gaz 3221»: Նրա դրամական միջոցները կազմել են 35 մլն դրամ եւ 30 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը` ամսական 223 հազար դրամ: Համաձայնեք` սովորական չինովնիկի համար բավական մեծ ունեցվածք է: