Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս մեղադրանքներ է հնչեցրել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հասցեին: Մասնավորապես Բաղդասարյանը նշել է, թե «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին Գորգիսյանը դիմել է իրեն՝ այդ շրջանում ձեւավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը նրան մեղադրում է անձնական ամբիցիաներն առաջ տանելու մեջ: Ի՞նչ են պարզաբանում նախկին եւ ներկա պատգամավորները:
ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք նշել էիք, թե «Սասնա ծռերի» ապստամբության օրերին Ձեզ զանգահարել էր Ձեր ընկերներից մեկը՝ խնդրելով հանդիպել Գեւորգ Գորգիսյանի հետ: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ չեք կարողացել համաձայնության հասնել:
-Իմ ծանոթներից մեկը խնդրել է, որ որպես առաջադեմ երիտասարդի հանդիպեմ ու լսեմ նրան: Նա խնդրում էր, որ իրեն էլ ընդգրկեմ համակարգող խորհրդում որպես անդամ: Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները: Խորհրդի կազմ ընդգրկելուց ձեռնպահ մնացի: Ինձ համար զարմանալի էր, որ այդ հարցերի մեջ ինչ-որ մեկին փորձում է «ռասկրուկտկա» անի, դարձնի մի նոր Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյան: Նա ինձ համար գոյություն չունի, ոչնչություն է: Հայաստանում տիրող իրավիճակը նաեւ իր նմանների հետեւանք է, եւ ինքն իմ համար գոյություն չունի, որ իրեն էլ անդրադառնամ:
-Դուք նշել էիք, թե իրեն Ձեզ համար միջնորդել են՝ պատրաստ լինելով նաեւ այդ մարդուն ներկայացնել:
-Երբ ինքը կգա պարզաբանում պահանջելու, իսկ ինքը կյանքում չի գա պարզաբանում պահանջելու, ես հրապարակային, շատ-շատերի ներկայությամբ շատ բան կասեմ: Բայց հիմա ընդհանրապես չեմ ցանկանում իրեն անդրադառնալ: Ես իրեն ցանկանում էի ոչնչացնել, նա այլեւս ինձ համար հետաքրքիր չէ:
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյան
-Պարո՛ն Գորգիսյան, «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին ի՞նչ հանդիպում եք ունեցել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ: Նա այս օրերին Ձեր հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում:
-Այդ ամենը բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Լրիվ հակառակն է եղել: Հենց ամենաթեժ օրերին ես՝ մեր կուսակցության խորհրդի այլ անդամներով, Խորենացու փողոցում ենք եղել՝ փորձելով կանխել բոլոր հնարավոր սադրանքները եւ, այսպես ասած, արյունահեղության փորձերը: Մենք այնտեղ կանգնած ենք եղել, ինքս մի քանի հոգու ձեռքից քարեր եմ խլել, որ փորձում էին նետել ոստիկանների վրա, այսինքն՝ այդ օրերին այնտեղ եմ եղել: Հետո, երբ իմացա, որ նման կառույց է ձեւավորվում, ուղղակի հետաքրքրվել եմ՝ ովքեր են այդ կառույցում եւ ինչ նպատակների համար, արդյո՞ք կարելի է միանալ, կամ ինչ է պետք դրա համար: Հետո պարզվեց՝ արդեն ամեն ինչ որոշված է, նույնիսկ «ինչ է պետք անելու» քննարկում չկա: Եվ ես, բնականաբար, հրաժարվեցի դրան միանալ, որովհետեւ պահանջներն անտրամաբանական էին այդ պահի դրությամբ: Խոսքը միայն իմ մասին չէր, այլ նաեւ մեր կուսակցության որեւէ մեկի միանալու մասին:
-Այսինքն` Դուք բանակցո՞ւմ էիք ոչ թե որպես անհատ, այլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցի՞չ:
-Իհարկե: Ես նույնիսկ չեմ էլ ասել՝ ես ցանկանում եմ միանալ: Այսպիսի հարցադրում է եղել՝ ովքեր են կառույցում, ինչ նպատակներով, եւ ինչ է պետք առհասարակ` այդ կառույցին միանալու համար, որովհետեւ իրավիճակն իսկապես մտահոգիչ էր, եւ ամեն ձեւով ցանկանում էինք աջակցած լինել այդ պրոցեսներին եւ մասնավորապես արյունահեղության կանխմանը: Քանի որ պահանջներն այդ պահի համար անտրամաբանական էին, եւ չկար այդ պահանջների իրականացման ոչ մի ռեսուրս, կար նաեւ նախապայման, որ չէր կարելի գալ, քննարկել, թե այդ իրավիճակից ինչ ելքեր կարելի է գտնել: Հարցադրումն այսպես էր՝ մենք գնում ենք այսինչ տեղ, դուք միանո՞ւմ եք, թե՞ չէ: Այդ ուլտիմատումին բնականաբար չմիացանք մենք:
-Նա Ձեզ մեղադրում է անձնական ամբիցիաներն առաջ տանելու մեջ:
-Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ ի՞ր հետ եմ հանդիպել, թե՞ ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Լուրջ մարդը չէր կարող մի հարցազրույցով կամ իր սեփական ենթադրությունների հիման վրա նման գնահատական տալ մարդուն ու այդ ամենը հրապարակել: Դա մանկամիտ մոտեցում եմ համարում, եւ դրան չարժի նույնիսկ պատասխանել:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը