Ինչու է պաշտոնից հեռացել Գևորգ Գորգիսյանը․ որն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վայր է դրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահի լիազորությունները:
Կուսակցության որոշմամբ՝ այդ պաշտոնում միաձայն ընտրվել է Դավիթ Խաժակյանը:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Գևորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ կուսակցության փոխնախագահի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրիք, ո՞րն է պատճառը՝ տարաձայնություննե՞ր են եղել, թե՞ այլ պատճառ կա:

-Տարաձայնություններ չեն եղել, շարունակում եմ մնալ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պարզապես զբաղվածության պատճառով չէի հասցնում կատարել փոխնախագահի պարտականությունները, բացի սա՝ ժամանակն է սերնդափոխության:

-Այսինքն՝ միայն ժամանակի սղությո՞ւնն էր պատճառը:

-Այո, տարաձայնություններ չեն եղել, բոլոր կուսակցություններում էլ լինում են քննարկումներ, տարբեր կարծիքներ հնչում են, բայց պատճառը դա չի եղել:

-Պարո՛ն Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան»-ի հասցեին հաճախ սուր քննադատություններ են հնչում, որ, հատկապես, Էդմոն Մարուքյանի պաշտոն ստանալուց հետո, սկսել եք «իշխանությունների թելը թելել», ամեն հարցում աջակցում եք նրանց: Ի՞նչու են նման քննադատություններ հնչում, ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանի պաշտոն ստանալն ազդել կուսակցության գործունեության վրա:

-Էդմոն Մարուքյանի պաշտոն նշանակվելուց հետո փոխվել է միայն այն, որ նա ստացել է հնարավորություն հայրենիքին ծառայելու՝ արտաքին ճակատում, ներքին ճակատում մենք միշտ ազատ ենք եղել քննադատություններում:

-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր կուսակցության հասցեին հնչող մեղադրանքները:

-Չես կարող անել մի բան, որը բոլորին դուր կգա, ինչ էլ անես՝ մի մասը գոհ է լինելու, մի մասը՝ ոչ:

-Իսկ դուք համաձայն եք գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Մասամբ, քանի որ տեքստերը հիմնականում, ինչ ասում են, ճիշտ են ասում, բայց դրանց իրականացման հետ բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում:

 Քրիստինա Մուշեղյան




Լրահոս