Որ կուսակցություններն են վերահսկվում Բաղրամյան 26-ից՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս խորհրդարանն ամբողջովին Սերժ Սարգսյանի ձեւավորած խորհրդարանն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով` ընդհանուր առմամբ, կուսակցությունների մեծ մասը վերահսկվում են Բաղրամյան 26-ի` նախագահական նստավայրի կողմից: Հարցին` որքա՞ն է այդ վերահսկողությունը, Մարտիրոսյանն ասաց. «Բավական է, բայց ոչ ամբողջական: 10 տոկոսը դեռեւս մնացել է»: Իսկ ովքե՞ր են մտնում այդ 10 տոկոսի մեջ, գործիչը խուսափեց նշել: Հարցին` ի՞նչն է պատճառը, Մարտիրոսյանն ասաց. «Հիմա եթե ասեմ` այս մեկը չի վերահսկվում, այն մյուս չվերահսկվող ուժերը կնեղանան»,-նշեց նա:

Ստացվում է` այդ ուժերի նեղանալո՞ւ խնդիրն է, Մարտիրոսյանը հակասեց ինքն իրեն` ասելով, թե այդպես չէ: Դիտարկմանը` եթե գործչի կարծիքով` խորհրդարանական ուժերը վերահսկվում են, ապա արտախորհրդարանական չվերահսկվողներից գոնե մեկի անունը նշի, «Ժառանգության» վարչության նախագահն արձագանքեց. «Ո՛չ, բացառվում է»: Իսկ այն, որ որոշ ուժեր, մասնավորապես` «Ելք», «Ծառուկյան» դաշինքները հայտարարում են, որ իրենք ընդդիմադիր են, Մարտիրոսյանն արձագանքեց, թե ցանկացած պարագայում վերահսկողությունը կա: «Ժառանգության» վարչության նախագահը կարծում է, որ վերահսկողությունը կկոտրվի այն դեպքում, երբ ազատ քաղաքական դաշտ, ազատ ֆինանսական միջոցներ, քաղաքական մրցակցություն լինի:

Եթե «Ժառանգություն»-ը ներկայացված լիներ խորհրդարանում, վերահսկելի չէ՞ր լինելու, Մարտիրոսյանն ասաց, թե «Ժառանգություն»-ը երբեք էլ վերահսկելի չի եղել, դրա համար էլ նրա դեմ միշտ աշխատել են: Գործիչը չբացառեց նաեւ, որ ցանկացած պահի խորհրդարանական վերահսկվող ուժերից մեկը կարող է դառնալ անվերահսկելի: «Եղել են ուժեր, անհատներ, որոնք սկզբում եղել են վերահսկվող, բայց հետո ինչ-որ պահի դարձել են անվերահսկելի: Հետո նորից վերահսկվել են»,-շեշտեց նա: Հարցին` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՞ մասին է խոսքը, Մարտիրոսյանն ասաց. «Դուք նորից անուններ եք ուզում: Չեմ ասի»:

Դիտարկմանը, թե եթե քաղաքական հայտարարություն է անում գործիչը, բայց անուններ չի հնչեցնում, այնքան էլ լուրջ չէ եւ արդար չէ, Մարտիրոսյանն ասաց. «Ոչինչ, այս մի հարցում էլ թող անարդար լինեմ»:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս