Լևոն Ալթունյանն առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ հանդիպումները սկսել է Շիրակի մարզից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկների հետ հանդիպումները սկսել է ՀՀ Շիրակի մարզից:

Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի դեմքն է: Բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ դուք եք ունենում: Այս օղակն ուժեղացնելով մենք մի շարք խնդիրներ ենք լուծում»,-, ասել է ՀՀ առողջապահության նախարարը Ախուրյանում առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը նշել է, որ ԱԱՊ օղակի բժիշկների հետ հանդիպումների ժամանակ կներկայացնի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` դրանք բնակչությանը հասցնելու նպատակով: Միաժամանակ, համատեղ կքննարկվի առաջնային օղակի բարելավման տեսլականը և կուրվագծվեն մոտեցումները։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե նախորդ այցերից հետո ինչ փոփոխություններ են կատարվել, մեկ առ մեկ ծանոթացել, թե քանի բնակիչ ունեն կցագրված, հատկապես ինչ շեշտադրումներ են արվում բուժառուների հետ շփումների ժամանակ։ Նախարարն ընդգծել է, որ մարզերում հիվանդանոցային բուժման ընդհանուր ծավալներում պետք է նվազեցվեն թերապևտիկ ծառայությունները։

«Եթե առաջնային օղակն ավելի համարձակ և պրոֆեսիոնալ գործի, կնվազեն նման հոսպիտալացումները»,- ասել է նախարարը` նշելով, որ այդ ճանապարհով տնտեսված միջոցները կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերը բարձրացնելուն։ Նա հավելել է, որ, բացի ֆիքսված աշխատավարձից, առաջնային օղակի բժիշկները կստանան բոնուսներ։

«Մեր նպատակն է մեծացնել առաջնային օղակի մասնագետների պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման գործում: Այդ նպատակով նախկին դիսպանսեր և կանխարգելիչ հետազոտությունները կիրականացվեն նոր մեթոդաբանությամբ և նոր մոտեցումներով: Միաժամանակ, տարվա ընթացում համատեղ կքննարկենք ԱԱՊ օղակի բարեփոխման մեր տեսլականը և, ձեր կարծիքները հաշվի առնելով, կմշակենք ոլորտի զարգացման ծրագիրը»,- ընդգծել է Լևոն Ալթունյանը:

Մասնագետների հետ քննարկվել է, թե ինչ նորմատիվներ կարող են ձևավորել բոնուսները։

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գյումրու բժշկական կենտրոնում էր, որտեղ բուժաշխատողների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված բարելավումները ինչպես ծառայությունների զարգացման, այնպես էլ երիտասարդ մասնագետների ներգրավման ուղղությամբ: Նա նշել է, որ սեպտեմբերից կենտրոնում կիրականցվի նախարարության նախաձեռնած` կուրության կանխարգելման նպատակով կատարակտի անվճար վիրահատության ծրագիրը: Բժիշկների հետ քննարկվել են կլինիկական ուղեցույցների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով հիվանդանոցում աշխատող բժիշկների կողմից դեղատոմս դուրս գրելու հարցին, պարզաբանվել է, որ բուժող ցանկացած բժիշկ կարող է դուրս գրել դեղատոմս, միայն թե պետք է այն գրանցվի համապատասխան մատյանում:

ԱԱՊ բժիշկների հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արթիկի և մերձակա բժշկական կենտրոնների մասնագետների հետ: Նրանց ևս ներկայացնելով առաջնային օղակի բարեփոխման տեսլականը` Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման գործում: Այստեղ ևս կառուցողական քննարկում է ծավալվել բնակչության առողջ կյանքի տևողության երկարացման գործում այս օղակի մասնագետների գործառույթների, բոնուսներով նրանց պատասխանատվությունն ու վարձատրությունը բարձրացնելու մեխանիզմների շուրջ։ Նախարարն ընդգծել է, որ բոնուսների հիմք կհանդիսանան ոչ թե գործողություններ, այլ չափելի արդյունքներ։

«Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել նրան, որ մարզերում թերապևտիկ ծառայությունները հիմնականում մատուցվեն առաջնային օղակում կամ ցերեկային ստացիոնարներում»,- նշել է նախարարը:

Այնուհետև նախարարն այցելել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Բոլոր հանդիպումների ժամանակ Լևոն Ալթունյանը պատասխանել է բժիշկներին հետաքրքրող հարցերին: Նա հորդորել է հարցեր կամ առաջարկություններ լինելու դեպքում դիմել նախարարություն:

Հանդիպումներին մասնակցել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը»:




Լրահոս