«Բնապահպանի տուն» նախաձեռնության կողմից բացահայտած, ապօրինի ծառահատման դեպքի վերաբերյալ պարզաբանում է տվել և՛ բնապահպանության նախարարությունը, և՛ ազգային պարկի տնօրինությունը․ երկուսն էլ նշում են, որ դրանք եղել են թափուկներ և ունեն 2 ամսվա վաղեմություն։
Նախաձեռնության ղեկավար Գոռ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե բացառվում են երկու ամսվա վաղեմության կոճղեր։ «Անտառապահը մեզ ասել է, որ կոճղերը երկու ամսվա են, ստացվում է, որ անտառապահը խաբում է և՛ մեզ, և՛ ազգային պարկի տնօրինությանը։ Մենք պարբերաբար տարբեր մարզերում ստուգող խմբեր ենք ունենում, իսկ երկու ամիս առաջ ես անձամբ եղել եմ ազգային պարկում, և բացառվում է, որ կոճղերը այդպիսի վաղեմություն ունենային, քանի որ ես կտեսնեի։ Երկու ամիս առաջ այդ տարածքում նման բան չի եղել։ Ազգային պարկում ընդհանրապես ծառահատումներ չի կարելի, թույլատրվում է միայն թափուկներ հավաքելը, բայց դա այն չէ, երբ մարդիկ ծառը ջարդում են, հայտարարում, թե իբր քամին է արել, և ներկայացնում իբրև թափուկ։
Մենք հետամուտ ենք լինելու այս հարցում, և ոչ միայն այս, այլև բազմաթիվ անտառապահների, որոնք գումար են վերցնում և ծառ գողացողներին թողնում ազգային պարկից ներս։
Մենք մեզ վրա ենք վերցնում անտառաապահների պարտականությունը և ինչքան հնարավոր է շրջելու ենք ցանկացած վայրում, որտեղ լսենք էլեկտրական սղոցի ձայնը կամ տեսնենք բեռնատար մեքենա` մոտենալու ենք և տեղում ճշտելու, թե ինչ է կատարվում» ,- ասաց նա:
Լյուսի Պողոսյան