«Ինձ համար կանանց միամսյակը շատ երկար է տեւում, քանի որ զբաղված եմ լինում, ինձ դա այնքան էլ դուր չի գալիս, խանգարում է աշխատանքիս»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի, երգչուհի Ռիփփին։ Նա միաժամանակ խոստովանեց, որ հաճելի է թե՛ միամսյակի շրջանակում, թե՛ դրանից դուրս նվերներ ստանալը։
Այս օրերին շատ է խոսվում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին. «Ես ֆեմինիստ չեմ, բայց հարգում եմ ցանկացածի ընտրությունն ու կարծիքը»,-այս առթիվ նշեց դերասանուհին։
Առջեւում մայրության եւ գեղեցկության տոնն է։ Մենք Ռիփփիից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրա մոտ արթնացել է մայրական բնազդը, մատծո՞ւմ է արդյոք դերասանուհին մայրանալու մասին․ «Անկեղծ ասած, նման բնազդ ինձ մոտ դեռ չի արթնացել, այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է գործը, իմ կարիերան»,-պատասխանեց նա։
Իսկ հարցին, թե Հայաստանում կին կարիերիստ դերասանուհու կամ երգչուհու համար ստեղծված են արդյո՞ք բավարար պայմաններ՝ դրսեւորվելու համար, Ռիփփին պատասխանեց. «Ինձ թվում է՝ այո։ Ինքս բավական դժվարությամբ եւ ինքնուրույն եմ սկսել իմ ուղին։ Ամեն բան էլ հնարավոր է, երբ կա ցանկություն։ Կինն իր ուղու վրա կարող է հանդիպել ե՛ւ անհաջողությունների, ե՛ւ խոչընդոտների, բայց պետք չէ դրա վրա կենտրոնանալ։ Բարձրանալու ճանապարհին ամեն դժվարություն էլ կարող է լինել»։
Դիտարկմանը, թե Հայաստանում դերասանուհին կամ երգչուհին, որը չունի պրոդյուսեր, հաճախ անպաշտպան է, Ռիփփին հակադարձեց. «Առհասարակ, Հայաստանում գրագետ պրոդյուսերների պակաս ունենք, բայց ես ճանաչում եմ շատ կանանց, որոնք միայնակ իրենց ուժերի ներածին չափով անում են հնարավորը, երբեմն էլ՝ անհնարինը»։
Պատմական կին կերպարներից երգչուհուն ոգեշնչում է Ելիզավետա 2-րդ թագուհին, համաշխարհային արտիստներից՝ Օդրի Հեփբերնը եւ Բրիջիդ Բարդոն. «Նրանք դժվար ուղի են անցել, սակայն հաղթահարել են խոչընդոտները, եւ հաջողությունը ժպտացել է։ Առհասարակ, շատ եմ քչփորում պատմության մեջ հետք թողած կանանց կյանքը»,-ասաց Ռիփփին։
Նա հայ կանանց մաղթեց, որ լինեն իրենք իրենց համար գեղեցիկ, սիրեն իրենց եւ ուրախ լինեն։
Անի Անտոնյան