Ինչու՞ էր Ռիփփին հեռացել երգարվեստից եւ արդյոք նա կմնա՞ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ռիփփին, որը տեւական ժամանակ էր, ինչ հանդես էր գալիս միայն որպես դերասանուհի՝ նկարահանվելով սիթքոմներում, հիմա արդեն վերադառնում է երգարվեստ: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ արդեն աշխատում է նոր տեսահոլովակի վրա, երգը պատրաստ է, հիմա աշխատում են հագուստների դիզայնի եւ պարերի վրա: Հարցին, թե արդյոք կկարողանա՞ համատեղել երգչուհու եւ դերասանուհու կարիերան, վերջինս պատասխանեց. «Անպայման համատեղելու եմ, ի դեպ, մասնագիտությամբ դերասանուհի եմ, արդեն նկարահանվել եմ 25 մասանոց ֆիլմում, առաջիկայում այն կլինի եթերում: Բայց, այնուամենայնիվ, մոտակա նորությունները մեծ մասամբ երգարվեստին են առնչվելու»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչու երգչուհին չի մտածում դուետներով հանդես գալու մասին. «Դա պետք է պրոդյուսերիս հարցնեք: Ամեն դեպքում, կարծում եմ՝ առաջիկայում կունենամ նաեւ զուգերգեր»,-նշեց Ռիփփին:

Քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը պնդում են՝ Հայաստանում պրոդյուսերական դպրոցը զարգացած չէ, եւ այդ ոլորտում լավ մասնագետների հազվադեպ կարելի է հանդիպել, Ռիփփիին հարցրինք՝ որքանո՞վ է արդյունավետ հայ աստղի համար պրոդյուսերի հետ համագործակցությունը. «Իսկապես լավ պրոդյուսեր ամեն քայլափոխի չես հանդիպի, ես այս պահին աշխատում եմ լավագույններից մեկի հետ: Իմ բախտը բերել է: Հայաստանում պրոդյուսերները մեծ մասամբ չգիտեն՝ ինչ պետք է անեն: Արտիստի հետ աշխատանքը հեշտ բան չէ»,-մեկնաբանեց երգչուհին:

Նրա խոսքով՝ առաջիկայում երկրպագուները իրենից կարող են սպասել նաեւ ոճային, ժանրային փոփոխություններ. «Արտիստն անընդհատ աճում է, առաջ է գնում, անընդհատ փոխվում են մոտեցումները, առանց փոփոխությունների հնարավոր չէ, եթե դրանք չլինեն, կնշանակի՝ դեգրադացվել ես»,-ասաց Ռիփփին:

Քանի որ արտիստուհին ժամանակին Մոսկվայում էր ծավալում իր գործունեությունը, հարցրինք՝ Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու նպատակներ ունի՞, թե՞ մտադիր է մնալ Հայաստանում. «Հայաստանում եմ մնալու, հայրենիքիս հետ կապող շատ բաներ կան այս պահին, աշխատանքային մեծ պլաններ կան, այնպես որ գնալու մասին չեմ մտածում»,-եզրափակեց Ռիփփին:

Անի Անտոնյան




Լրահոս