Հարց քաղաքացիներցի` հաշմանդամության թոշակ ստացող քաղաքացու սովորական կենսաթոշական ավելանո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Շուտով լրանում է իմ կենսաթոշակի անցնելու տարիքը: Ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ստանում եմ հաշմանդամության թոշակ: Ուզում եմ իմանալ` կենսաթոշակի անցնելուց հետո իմ թոշակի գումարն ավելանալո՞ւ է: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել` եթե ավելանալու է, ապա ինչքա՞ն, իսկ եթե ոչ, ինչո՞ւ:

Լուիզա Վարդանյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ:
Օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,
2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

Հաշմանդամության 3-րդ խմբի համար հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին հավելում չի տրվում:

Ելնելով վերոգրյալից` Լ. Վարդանյանի 63 տարին լրանալուց հետո (տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո) կենսաթոշակի տեսակը փոխելու հարցով քաղաքացին կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բայց քանի որ 3-րդ խմբի համար հիմնական կենսաթոշակին հավելում չի տրվում, ուստի տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափը կլինի հավասար հաշմանդամության 3-րդ խմբով աշխատանքային կենսաթոշակի համար հաշվարկված չափին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հերթական անտրամաբանական պատասխանը. ստացվում է, որ 3-րդ խմբի հաշմանդամությունը հաշմանդամություն չէ՞: Կարծում ենք` արդարացի կլիներ, որ գոնե 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում աշխատանքային կենսաթոշակի թեկուզ չնչին հավելում լիներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս