ՀԱՐՑ. Ես բացմիցս դիմել եմ սոցապ բաժին` ժամանակից շուտ կենսաթոշակի անցնելու համար, սակայն մերժել են: 05.09.1973թ. մինչեւ 15.09.2000թ. աշխատել են «Տիգրան Մեծ հրատարակչություն»-ում: 1975թ. ինձ տրվել է 4-րդ կարգի գրաշար շարվածք անողի որակավորում, որը համարվում է թունավոր կետի աշխատող: 2000թ. ազատվել եմ աշատանքից: Ինձ շարունակ մերժում են` ասելով` համարվում եմ 2 աշխատանք անող: 27-28 տարի աշխատել եմ, իսկ հիմա չգիտես` ինչ պատճառաբանություններ են մեջբերում: Խնդրում եմ պարզաբանել հարցը:
Ռազմելլա Դանիելյան (տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Դանիելյանի հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին` եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (թիվ 2 ցուցակ):
Ելնելով վերոգրյալից` քաղաքացուն արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հարցը հնարավոր է քննարկել աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Ըստ այդմ, առաջարկվում է խնդրո առարկա հարցով քաղաքացին դիմի ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցները կենսաթոշակների վերաբերյալ տալիս են կամայական պատասխաններ: Այս դեպքում խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս` գոնե թերթի հրապարակումից հետո համապատասխան փաստաթղթերով ներկայանա սոցիալական ապահովության պետական ծառայություն: Հուսանք` այս անգամ սոցիալական բաժնի աշխատակիցները հարցին կմոտենան հնարավորինս լուրջ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: