Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Հովհաննես Սահակյանի նշանակումից հետո բավական մեծ թվով կադրեր աշխատանքից ազատվեցին: Դեռեւս նախորդ տարի լուրեր շրջանառվեցին, որ Սահակյանի եւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված են: Իսկ պատճառը հենց Սահակյանի կադրային քաղաքականությունն է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, Դուք բազմիցս նշել եք, որ անբարեխիղճ աշխատակիցներից ազատվելու եք: Հիշենք տարիներ առաջ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեպքը. չարաշահումների համար նրան բանտարկեցին, հետո նա դուրս եկավ, բայց այդպես էլ որեւէ գումար չփոխհատուցեց: Ի վերջո, ինչպե՞ս այդ վնասի փոխհատուցումը եղավ:
-Ես համամիտ չեմ, որ որեւէ գումար չի փոխհատուցվել. այնտեղ վերականգնում եղել է: Բայց իմ խնդրանքը եւ խորհուրդը. եկեք, առաջ նայենք. եղել է չարաշահում, կան մարդիկ, ովքեր պատասխանատվության են ենթարկվել` օրենքով սահմանված կարգով: Մենք հիմա գնում ենք ծառայության հանդեպ ժողովրդի վստահության բարձրացման բարեխիղճ ծառայություն մատուցելու ճանապարհով: Եվ անբարեխիղճ աշխատողներից, իհարկե, ազատվելու ենք: Այդ շարքը շարունակելի է. ես պարզ ճակատով ասում եմ, որովհետեւ իմ ցանկացած որոշման հիմքում ընկած է բացառապես արդարացի որոշում կայացնելու սկզբունքը: Այս 6 ամիսների ընթացքում 51 տարածք անձամբ այցելել եմ, խորհրդակցություն հրավիրել Երեւանում, մարզերում: Ներկայացնում ենք մեր մոտեցումները, եւ եթե նրանք չեն հասկանում, չեն ուզում հասկանալ կամ փոխվել, ելքը մեկն է. պետք է այդ չարիքից ազատվելու համար հիմնովին կտրենք դա արմատից եւ փորձենք նոր կադրերով լրացնել:
-Հայտնի է, որ Ձեր եւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված էին: Հիմա ինչպե՞ս եք հարաբերվում:
-Դա ընդամենը մամուլի հետաքրքրաշարժությունն առաջ տանելու խնդիրն էր: Որեւէ նման խնդիր չկա, մենք նախկինում էլ, երբ ես ԱԺ պատգամավոր էի, իսկ Արտեմ Ասատրյանը` նախարար, մենք` որպես գործընկերներ, շատ մեծ սիրով աշխատել ենք: Այսօր էլ շարունակում ենք նույն սկզբունքով աշխատել եւ խնդիրները, որ ծառացած են այս համակարգի առջեւ, լուծել եւ տանել առաջ:
-Նախարարը ողջունո՞ւմ է Ձեր քաղաքականությունը, որ անբարեխիղճ աշխատողներից ազատվում եք:
-Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի մարդ, ով չի ողջունի, որ մենք անբարեխիղճ աշխատողներից ազատվում ենք: Նորից եմ նշում. իմ քայլերի սկզբունքը եւ հիմքը հետեւյալն է` արդարացի որոշումներ: Իսկ դա նշանակում է` համոզված լինել, որ այս աշխատակիցն իրականացրել է որոշակի խախտում, դրա համար ազատվում է աշխատանքից:
-Պարզապես խնդիրն այն է, որ այդ մարդիկ նախարարի կադրերն էին, որոնց նա հովանավորել է:
-Իմ ու նրա չկա. սկզբունք կա: Ես իմ 570 աշխատակիցներին երբ հանդիպել եմ, բառացի ասել եմ` գիծը քաշում ենք, գնում ենք նոր աշխատաոճով: Ովքեր մեզ հետ են, մեր սկզբունքների կրողն են, մեր թիմի անդամ են, ովքեր ոչ, ազատվելու են: Իսկ այստեղ իմ ու քո չկա, ես հավատացնում եմ Ձեզ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ