Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ստանալ թոշակառուի չվճարված թոշակի գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրիկիս թոշակը 8 ամիս է` չենք ստացել: Նրա թոշակը ստանում ենք լիազորագրով, որի ժամկետը լրացել է: Խնդրում եմ ասեք` եթե լիազորագիրը նորից վերակագնենք, կամ հենց նա ներկայանա, հնարավո՞ր է` իր 8 ամսվա չվճարված թոշակի գումարը ստանա:

Բարսեղյան Ռուբիկ Գերասիմի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուբիկ Բարսեղյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի համաձայն` կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը, լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին ենթակետի` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում) լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս