Կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ըստ էության չի բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հավանականությունը, թեեւ ասել է, որ չի հավակնում այդ պաշտոնին: Միաժամանակ մի քանի ուժեր հայտարարել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար նախաձեռնելու մասին: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, քաղաքական դաշտում հիմնական թեմաներից մեկը վարչապետի ընտրության հարցն է, եւ որպես թեկնածու Սերժ Սարգսյանի անունն է շրջանառվում: Ըստ Ձեզ` Սարգսյանը ետ կկանգնի՞, ասելով, որ չի հավակնում այդ աթոռին, թե՞ ամեն պարագայում կանի ամեն ինչ` վարչապետի կարգավիճակում պաշտոնավարումը շարունակելու համար:

-Ինքը կործանել է այս երկիրը կոնկրետ քայլերով: 2015 թվականին, երբ մենք աջ, ձախ, գոռում, բոլորին համոզում էինք, որ Սահմանադրություն փոխելը նշանակում է իշխանության հավերժացում Սերժ Սարգսյանի ձեռքին, մեզ չէին հավատում, չէին ուզում հավատալ, լուրջ չէին վերաբերվում. կեղծ օրակարգ համարեցին, ծուղակ համարեցին: Մի փոքր «Ժառանգություն» կուսակցությունը մեզ աջակցեց այս հարցում եւ «Ազատություն» կուսակցությունը: Բայց հիմնական քաշող ուժը եւ մտահոգություն արտահայտողը Կոնգրեսն է եղել եւ ՀԺԿ-ն: Եվ մենք ասում էինք, որ եթե հանկարծ այս Սահմանադրությունն ընդունվեց` վե՛րջ, երկրի թիվ մեկ քաղաքական կամպանիան, որ կոչվում է նախագահական ընտրություններ, վերանում է:

Իշխանությունը ժողովրդին զրկեց ամենադեմոկրատական միջոցառումից: Որտե՞ղ եք տեսել` ժողովուրդը չմասնակցի իր երկրի թիվ 1 ղեկավարի ընտրությանը: Եվ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց այս համակարգը միայն նրա համար, որ այս ապրիլին հանգիստ, առանց լարումների, առանց կրակոցների, առանց դեբոշների նստի վարչապետ: Եվ նա երբեք ետ չի կանգնի: Ինքը շատ լավ գիտի, որ եթե աթոռը չլինի, ինքը չկա: Եվ պատահական չէ, որ մի շարք օրինագծերով ուժեղացնում է եկող վարչապետի դիրքը: Բացի այդ` երկրորդ քայլն արեց. ընտրել այնպիսի խորհրդարան, որտեղ կրիմինալն է, խելոք թաթիկները բարձրացրած «քաղաքական գործիչներն» են, խորհրդարան, որտեղ համարյա չկա միտք, կամք: Նրանք փակ էլ քվեարկեն, 100 տոկոս են քվեարկում, բաց էլ քվեարկեն, էլի 100 տոկոս են քվեարկում: Միտք, մրցակցություն, այլընտրանք չկա այդ խորհրդարանում: Եվ այդ խորհրդարանի բոլոր ուժերը ճանաչել են այդ խորհրդարանը: Միայն մենք ենք, որ հայտարարել ենք այն մասին, որ ոչ լեգիտիմ է այս խորհրդարանը: Ձեզ թվում է` մենք չէի՞նք ցանկանա, որ այս գաղափարին հարյուրավոր ՀԿ-ներ ու տասնյակ կուսակցություններ միացած լինեին, որ ժողովուրդն էլ դուխով, վստահությամբ, որ իրեն չեն կոտրի, դուրս գար փողոց, ու Սերժ Սարգսյանին ասեինք` վե՛ր կաց ու քո կեղծված Սահմանադրությամբ հեռացի՛ր այս երկրից: Չկա, կերել են ամեն ինչ…

-ՀՀԿ-ականները վերջին օրերին պարբերաբար շեշտում են, թե Ս. Սարգսյանն անփոխարինելի է: Սրանով ի՞նչ են փորձում ասել:

-Իրենց տեսակի համար անփոխարինելի է: Ճիշտ են ասում. իրենց տեսակն է. մտածելու զոռ չեն տալիս, խնդիր լուծելու, որոշում կայացնելու խնդիր չունեն: Հրահանգը գալիս է, իրենք կատարում են:

-Մի շարք ուժեր, մասնավորապես «Երկիր Ծիրանի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, «Հանուն Հայաստանի փրկության ճակատ» նախաձեռնությունը որոշել են պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Իրենք հնարավորություն ունե՞ն հաջողելու:

-Ես բոլորին հաջողություն եմ ցանկանում: Որքան հաջողեն, այնքան լավ, որքան շատ պայքարեն, այնքան լավ:

-Իսկ ժողովո՞ւրդը…

-Ժողովուրդն ինքը պետք է որոշի: Մենք, օրինակ, մեր ժողովրդին միշտ ազատ ենք թողել, իրենք պետք է որոշեն: Ժողովուրդը գրագետ է. ինքը տարբերում է թացը չորից, կեղծն անկեղծից, թելադրվողն ըմբոստից: Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին, վերլուծում ենք: Թող որ հաջողեն այդ պայքարող ուժերը: Ունեմ ներքին վերապահումներ, բայց դրանք չեմ ներկայացնի, որպեսզի չխանգարի իրենց` մարդաշատ միջոցառումներ անելու հնարավորությանը:

-Այն, որ վերոնշյալ ուժերը որոշել են պայքարել Ս. Սարգսյանի հետագա վերարտադրության դեմ, Ձեր կարծիքով` կարո՞ղ է մտահոգել ՀՀԿ-ականներին, մասնավորապես Սերժ Սարգսյանին:

-Չեմ կարծում: Իրենք իրենց մտահոգությունների հարցն արդեն լուծել են: Այս խորհրդարանում այն հանգամանքը, որ 10.000 դրամով պատգամավոր են դարձել, այդ մարդկանցով հնարավոր չէ այս Ազգային ժողովում այլընտրանք բերել: Ես չեմ կարող պատկերացնել, որ այս խորհրդարանը կարող է հրապարակում եղածներից մեկին առաջարկի որպես վարչապետի թեկնածու: Դա հեքիաթի ժանր էլ չի, նման անլուրջ հեքիաթ որեւէ մեկը չի էլ գրի:

Ես այս պայքարի նախաձեռնումը չէի համարի ուշացած կամ անարդյունավետ, եթե այդ մարդիկ այն ժամանակ` 2015-ին էլ պայքարած լինեին: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք դիմեցինք Սահմանադրական դատարան, ո՞վ մեզ միացավ: Որոշ ուժեր այդ ընտրությունների արդյունքներն ընդունել են, իսկ եթե բոլորը ընդունում են, էլ ինչո՞ւ այս խորհրդարանի որոշումը քեզ համար պետք է օրինաչափ չլինի: Դրա համար կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս