Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: Մասնավորապես ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Բացի այդ` նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած անձինք, ինչպես նաեւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված:
Արդյունքում` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնեական անփութության եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի` փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ 2003-2016թ. սեպտեմբերը ՀՀ մշակույթի նախարարը եղել է Հասմիկ Պողոսյանը, որն այս տարի նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Ասել է, թե բացահայտված չարաշահումները տեղի են ունեցել հենց նրա օրոք:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանի հետ:
-Տիկի՛ն Պողոսյան, դատախազությունը մշակույթի նախարարության գործունեության հետ լուրջ չարաշահման կեղիծքների դեպք է բացահայտել, իսկ այդ ժամանակահատվածում նախարարը Դուք եք եղել:
-Ձեզ խնդրում եմ մշակույթի նախարարության հետ կապված հարցերը ուղղե՛ք մշակույթի նախարարություն:
-Այն, ինչ բացահայտվել է, Ձեր ղեկավարման տարիների է կատարվել:
-Դիմե՛ք իրենց, ես տեղյակ չեմ, թե ինչի իմասին է խոսքը:
-Հիմա հայտնեմ` «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ավելին` փաստաթղթեր են կեղծվել: Այսքան բան բացահայտել են, հիմա Ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ:
-Ես ընդհանրապես ծանոթ չեմ այդ նյութերին, որեւէ ձեւով տեղեկացված չեմ, թե ինչի մասին է խոսքը, եւ, բնականաբար, այս պահին խոսել այդ մասին ո՛չ կարող եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ: Իմ գործառույթների շրջանակում, եթե հարց ունեք, խնդրեմ, ուղղեք:
-Հիմա Ձեր գործառույթների շրջանակներից ելնելով` հնարավո՞ր է` դիմեք Սերժ Սարգսյանին, որ միջնորդի իրավապահներին` գործը փակեն:
-Ո՛չ, ինչի՞ մասին միջնորդեմ, ինչի՞ համար միջնորդեմ, չգիտեմ` ինչի մասին է խոսքը գնում:
-Մենք Ձեզ հայտնեցինք` ինչի մասին է խոսքը:
-Ես ինֆորմացիա չունեմ, երեւի Դուք էլ չունեք:
–Պաշտոնական տեղեկատվություն Ձեզ հայտնեցինք, թե ինչ է բացահայտել ՀՀ գլխավոր դատախազությունը. յուրացվել է 67 միլիոն դրամ:
-Ես չգիտեմ` արել են, չեն արել, այն, ինչ ասում եք, թեմային ծանոթ չեմ, բնականաբար որտեղից պետք է տեղյակ լինեմ, բայց եթե հարկ համարեն` ինձ որեւէ հարց ուղղեն, խնդրեմ:
-Այսինքն` մտավախություն չունե՞ք, որ քննության արդյունքում Ձեր մասով եւս բացահայտումներ կլինեն:
-Եթե պարզ դառնա, ձեւավորվի խնդիրը վերջնականապես, այդ ժամանակ, եթե կան մեղավորներ, ուրեմն բոլորը պետք է իրենց պատասխանը տան, եթե ձեւավորվի, բայց այս պահին որեւէ տեղեկատվություն չունեմ: Կգերադասեմ, որ սպասենք, ամեն ինչը պաշտոնական ձեւակերպում ստանա, որից հետո տեսնենք` ով իր մասով ինչ հարցի պատասխանը պետք է տա:
Հուշարձանների ոլորտում միշտ էլ կան տարաձայնություններ, որովհետեւ ինքը բարդ ոլորտ է, այդ խնդիրները դժվար են լուծվում: Իմ ասածը ընդամենը հետեւյալն է, որ խնդիրը վերջնականապես ձեւակերպվի, եւ այդ պարագայում պարզ կլինի` կա՞ն մեղավորներ, թե՞ չկան մեղավորներ: Այսինքն` պետք է օրինական իր ընթացակարգով այդ գործընթացը առաջ գնա: Կրկնում եմ` այս պատմությանը ծանոթ չեմ, թե ինչ է կատարվում, միայն կարող եմ ասել, որ տարիների ընթացքում ստուգումներ միշտ եղել են, եզրակացություններ եղել են, բայց այս պահին այն, ինչ ասում եք, ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել:
Քնար Մանուկյան