Անփոխարինելի Դալլաքյանը. խորհրդարանում նախագահի ներկայացուցչի պաշտոնը թափուր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հոկտեմբերից թափուր է Ազգային ժողովում նախագահի ներկայացուցչի պաշտոնը: 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Վիկտոր Դալլաքյանը հրաժարական տվեց այն ժամանակ խորհրդարանում նախագահի ներկայացուցչի պաշտոնից, ինչպես նաեւ լքեց ՀՀԿ-ն, որպեսզի զբաղվի ակտիվ քաղաքականությամբ: Եվ այդ օրվանից մինչ օրս այդ պաշտոնը թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ինչու մինչ այժմ այլ ներկայացուցիչ նշանակված չէ: Բաբայանի խոսքով` այդ պաշտոնում ներկայացուցչի նշանակվել-չնշանակվելու հարցը որոշվում է նախագահականում: Նրա խոսքով` որեւէ մեկին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ նրանք մինչ այժմ չեն ստացել:

Հավելենք, որ մինչ Վիկտոր Դալլաքյանը, այդ պաշտոնը զբաղեցնում էր Գառնիկ Իսագուլյանը: Ի դեպ, ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող Սահմանադրության համաձայն` բոլոր նախագծերը, պայմանագրերը ստորագրում է նախագահը, հետեւաբար ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի հաստիքի իմաստը չի կորել: Ու հիմա հետաքրքիր է՝ ինչու մինչ այժմ Դալլաքյանին փոխարինող չկա. այնուամենայնիվ, իշխանությունների համար պաշտո՞նն է անօգուտ, թե՞ Դալլաքյանն է անփոխարինելի:




Լրահոս