Արտախորհրդարանական ուժերը կողմ են պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական մի քանի ուժեր նախաձեռնել են պայքար` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձել է պարզել, թե նախկինում խորհրդարանում եղած ուժերը, մասնավորապես՝ ՕԵԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, որոնք այս անգամ ներկայացված չեն օրենսդիրում, արդյո՞ք մասնակցելու են այդ պայքարին:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից են: «Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտը գտնվում է հետեւյալ վիճակում՝ օլիգոպոլ իշխանություն, խորացող սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական ճգնաժամով ու մարտահրավերներին հաղթահարելու անկարողությամբ»,-նշեց նա: Բիշարյանի խոսքերով` ընդդիմությունն այժմ երկու ճանապարհ ունի. «1-ին` ընդդիմադիր գործունեությամբ «ծռության» ճանապարհը՝ այն է փողոցային պայքար, հարթակներ, հանրահավաքներ: Այս ճանապարհը այն քաղաքական ուժերի համար է, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հանդես են եկել կոշտ, արմատական ընդդիմության դիրքերից: Եվ սրա կողմնակիցներն այն ուժերն են, որոնք խորհրդարանում եւ թե դրանից դուրս հանդես են եկել «Մահ ռեժիմին», «Անսերժ Հայաստան» եւ նմանատիպ կարգախոսներով: Ընդդիմության 2-րդ խումբը առավել ինստիտուցիոնալ քաղաքականության կրողներն են: Այո՛, իշխանափոխություն, այո՛, արմատական փոփոխություններ երկրում, այո՛, համակարգային լճացման դեմ պայքար, բայց ոչ թե փողոցում եւ հրապարակում, այլ զուգակցելով ըստ անհրաժեշտության հանրահավաքային պայքարը քննարկումների հետ` հանրության տարբեր շերտերի մոտ արմատավորելու իշխանափոխության անհրաժեշտությունը, իշխանությունների անկարողությունը ստեղծված իրավիճակը փոխելու հարցերում»:

«Ազատ դեմոկրատներ»-ը նույնպես կողմ է իշխանափոխությանը: Այս մասին նշեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը` շեշտելով. «Մենք այժմ խորհրդակցությունների մեջ ենք: Եվ առաջիկայում որոշում կկայացնենք, թե ինչ ձեւաչափով, ում հետ կպայքարենք: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունն անթույլատրելի հանգամանք է, միանշանակ է»: Եվ այդ համակարգի վերարտադրությունը ՀՀ շահերից չի բխում: ԱԴ փոխնախագահը շեշտեց նաեւ, որ դեռեւս նպատակահարմար չէ նշել, թե որ ուժերի հետ է քննարկումը: Իսկ արդյո՞ք բացառում են փողոցային պայքարը, ասաց. «Իհարկե, չենք բացառում: Դա էլ քաղաքական պայքարի մի հանգրվան է, որը ցանկացած ուժ անցել է»: Իսկ թե հնարավո՞ր է համագործակցություն ՔՊ կուսակցության հետ, գործիչն ասաց. «Որեւէ մեկին այդ ուժը չի դիմել, որպեսզի միանան իրենց: Իրենք պետք է բաց լինեն համագործակցության համար, եւ կարծում եմ` բաց են: Ես ողջունում եմ բոլորին, ովքեր ինչ-որ գործընթացներ են իրականացնում»:

Այլ կերպ ասած` երկու կուսակցությունն էլ թեեւ իրենց հայտարարել են ընդդիմադիր, ասում են, որ կողմ չեն Սերժ Սարգսյանի վարչապետությանը, սակայն նաեւ հասկացնում են, որ չեն պատրաստվում փողոց դուր գալ, ասել է, թե որեւէ քայլ չեն անելու` իշխանության վերարտադրությունը վիժեցնելու համար: Այլապես անհասկանալի է, թե իրենք ինչպե՞ս են պայքարելու, երբ ԱԺ-ում ներկայացված չեն, հետեւաբար՝ վարչապետի քվեարկության վրա որեւէ կերպ ազդել չեն կարող:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս