Մարտի 21-ից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց է անում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա խոսքերով` այս օրերին տուն գնալու ճանապարհին ոստիկաններն «ուղեկցել են» հետեւելով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ավետիսյանն ասաց, թե նախորդ օրը զարմանալիորեն ոստիկաններն իր ետեւից չեն եկել: «Կոպիտ ասած` պոչ չկար, էլի: Բայց դա ինչ-որ բան է նշանակում ինձ համար: Մինչեւ այդ ամեն օր ետեւիցս գալիս էին Էջմիածին` մինչեւ մեր տան մոտ: Ու բացահայտ ցույց էին տալիս, որ ինձ հետեւում են»:
Ազատամարտիկը հայտնեց նաեւ, որ օրեր առաջ ոստիկանների կողմից բռնի ուժով տուն տեղափոխված նստացույցի մասնակից Արթուրը կրկին միացել է իրենց: «Ընդհանուր ակտիվություն կա, քանի որ Հայաստանի ժողովուրդը քաղաքականացված է, եւ բոլորը գիտեն, թե 25 տարի ինչ է կատարվում երկրում: Իսկ հիմա սպասում են` մի լույս տեսնեն, եւ ես համոզված եմ, որ բոլորն իջնելու են եւ այս հարցերը լուծեն»,- ասաց նա: