Ներկրված լոլիկն ու վարունգը ողողել են հայկական շուկան. ինչից են դժգոհում գյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան ներկրված վարունգն ու լոլիկը դարձյալ գրավել են հայկական շուկան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի «Մեյնմանդար» կոչվող գյուղատնտեսական մեծ շուկայում վերջին օրերին մեծ քանակությամբ դրսից ներկրված էժան գնով վարունգ է վաճառվում: Ինչի արդյունքում տեղական արտադրության վարունգը զգալի էժանացել է:

Տեղեկացնենք, որ «Մեյնմանդար»-ը համարվում է մեծածախ շուկա, որտեղ տեղական վարունգի մեկ կիլոգրամը մի քանի օր է` վաճառվում է 500 դրամով: Մինչդեռ օրեր առաջ հայկական վարունգն ունեցել է 800-1000 դրամ գին: Բայց քանի որ օրեր առաջ տեղական շուկան ողողվել է դրսից ներկրված վարունգով, որի մեկ կիլոգրամը վերավաճառողները ձեռք են բերում 400-450 դրամով, այդ պատճառով տեղական վարունգի գինը դարձել է 500 դրամ: Ըստ ֆերմերների` այդքան գումար ծախսելուց հետո պարզապես անթույլատրելի է վարունգը վաճառել 500 դրամով: Նրանց պատմելով` ՀՀ ներկրված վարունգը թուրքական ծագում ունի:

Ինչպես հայտնի է` թուրքական ծագման ապրանքները ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից: Ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան են վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին: Գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից: Ի դեպ, տեղեկացնենք, որ թուրքական ծագման ե՛ւ վարունգ, ե՛ւ լոլիկ Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչընդոտ չկա: Բայց դեռեւս 2015-2016 թվականներին ներքին կարգով գործարարները ջերմոցատերերին խոստացան թուրքական լոլիկի եւ վարունգի ներկրումներ չիրականացնել կամ սահմանափակ քանակությամբ ներկրել: Փաստորեն վերջին դեպքերը ցույց են տվել, որ գտնվել են գործարարներ, որոնք իրենց խոստումները չեն կատարել:

Այս խնդրով մտահոգված են նաեւ Հայաստանի ջերմատնային ասոցացիայի անդամ ֆերմերները: Ասոցացիայի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ արդեն մի քանի օր է, ինչ ջերմոցատերերը քննարկումներ են անցկացնում եւ փորձում են «թուրքական ծագման վարունգի» դեմ պայքարի միջոցներ գտնել: Առայժմ նրանց դա չի հաջողվում: Փոխարենը նրանք որոշել են առաջիկա օրերին բողոքի ակցիա կազմակերպել: Իսկ մինչ այդ ջերմոցատերերը կդիմեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ֆերմերներով ժողովներ ենք անում. որոշել ենք դիմել կառավարությանը: Այս անգամ թող Գյուլնազ տատի հեքիաթները չպատմեն մեզ: Թող այս հարցին լուծում տան: Խանգարում ենք իրար. մեր տեղական արտադրության վարունգը շատ է, դրսից էլ սկսել են ներկրել, չենք կարողանում վաճառել: Մարդիկ վարկ են վերցրել, ջերմոցն են ջեռուցել, սածիլ են դրել, այդ բույսերը պահել են, պահպանել ինչպես իրենց երեխաներին, հիմա վարունգի մեկ կիլոգրամը 400 դրամով ուղղակի չեն կարող վաճառել: Ձեռնտու չէ. ծախսերը չի ծածկում»,- զայրացած նկատեց ջերմոցատերերի ասոցացիայի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան մարտ ամսվա ընթացքում վարունգ ներմուծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից` շուրջ 22 տոննայի չափով: «ՍԱՊԾ տվյալների բազայի համաձայն` մարտ ամսվա ընթացքում Թուրքիայից կամ թուրքական ծագման լոլիկ, վարունգ Հայստան չի մտել: Վարունգ բերվել է Իրանից` համապատասխան անվտանգությունը հավաստող անհրաժեշտ փոստաթղթերով»,- փոխանցեցին ՍԱՊԾ-ից:

Մի կողմից` ջերմոցատերերը ահազանգում են, որ ներքին շուկան ողողված է ներկրված, թուրքական ծագման վարունգով, մյուս կողմից` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ խիստ հսկողություն է սահմանում գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը կազմակերպվում է բացառապես օրենսդրության շրջանակում. տնտեսվարողներին նախազգուշացվում է զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքների ներկրումից:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին մարդիկ են գտնվել, որոնք իրենց ավտոմեքենային տարբերի մասերում թաքցնելով` փորձել են վարունգը, լոլիկը անցկացնել հայկական կողմ: Սակայն նրանց մեծ մասին դա չի հաջողվել, քանի որ ՊԵԿ համապատասխան աշխատակիցները բացահայտելով դա` առգրավել են, իսկ ներկրման փորձ արածներին հրավիրել հացաքննության:

Նշենք, որ ՊԵԿ-ի այս գործողությունները դրական են անդրադառնում տեղական վարունգի գնի վրա` ի օգուտ ջերմոցատերերի, բայց ի վնաս ՀՀ քաղաքացիների: Վարունգն անմիջապես թանկանում է, ինչը, ինքներդ եք հասկանում, ձեռնտու չէ շարքային քաղաքացուն: Ի վերջո, մարդիկ գերադասում են ավելի էժան ապրանք ձեռք բերել, եւ մեծ հաշվով գնորդին չի հետաքրքրում, թե հայ գյուղացին ինչպես է աճեցնում ապրանքը:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի գործողություններին, նկատենք` ըստ նրանց` 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման համաձայն` բանջարեղենի եւ մրգերի միայն մինչեւ 5կգ-ի` Հայաստանի (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն` ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչեւ 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության եւ դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում` լրացնելով միայն ուղեւորային հայտարարագիր: Ստացվում է` ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են` բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս