Ավազակային հարձակում «Վան-Մուշ»-ի գազալցակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 10 հասցեում գործող «Վան-Մուշ» ՍՊԸ-ի գազալցակայանի դրամարկղի պատուհանին է մոտեցել և իր ձեռքին եղած ատրճանակի սպառնալիքով, առանց որևէ բան խոսելու, հասկացրել է այնտեղ գտնվող հերթափոխի պետ, Վանաձորի բնակիչ, 32-ամյա Ադամ Ա.-ին և պահանջել, որ նա դրամարկղում եղած ողջ գումարը փոխանցի իրեն։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում
գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս մարտի 30-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքի Առափնյա 10ա հասցեում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ավտոգազալցակայանի դրամարկղում առկա գումարը, ապա՝ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ։ ՍՊ ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:




Լրահոս