Շիրակ Թորոսյանը չի կարծում` բժիշկների, ուսուցիչների խառնվելն ընտրություններին թերություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին Ազգային ժողովը 74 կողմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սրանով կարգելվի ուսուցիչներին եւ բուժաշխատողներին ընտրությունների ժամանակ քարոզչությամբ զբաղվել:
Օրինագծի կարեւորությունը ընտրական գործընթացների կատարելագործման մեջ է: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Մեր ընտրական գործընթացները ընտրությունից ընտրություն կատարելագործվում են: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների կողմից խոսվեց նոր մակարդակի ընտրությունների մասին, չնայած մատնանշվեցին որոշակի թերություններ: Այդ թերությունները գիտակցելով եւ դրանք շտկելու կարեւորությունը գիտակցելով, այսօր մենք գնում ենք Ընտրական օրենսգրքի կատարելագործման»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե թերություններից մեկը հենց այդ է, որ բուժաշխատողներն ու ուսուցիչները խառնվում են ընտրական գործընթացներին, Թորոսյանն ասաց. «Ես չէի ասի` դա թերություն է, բայց ամեն դեպքում` կարող է տալ չարաշահումների տեղիք եւ ընդդիմության կողմից միշտ մատնանշվում է դա: Ուսուցիչներն ու բժիշկները հասարակության մի խավ են, ովքեր կարող են ազդեցություն գործել ընտրական գործընթացի վրա, քանի որ ազդեցիկ խավ են: Եվ փոփոխությամբ արգելվում է աշխատանքի ընթացքում քաղաքական քարոզչությունը, իսկ որպես քաղաքացի նրանք կարող են իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնել»:

Հարցին` ինչո՞ւ ավելի շուտ չէր նախաձեռնվում այս օրինագիծը, պատգամավորը նշեց. «Սա ցույց է տալիս ՀՀ ղեկավարության քաղաքական կամքի առկայությունը: Խնդիրը պետք է ահագնանա, ձեւակերպվի, խնդրի վերաբերյալ պետք է տեսակետներ հայտնեն եւ հասարակության մեջ, եւ ընդդիմադիր դաշտում եւ միջազգային կառույցներում ու այդպես աստիճանաբար դա վերածվում է քաղաքական խնդրի»:




Լրահոս