Մարզի բնակիչները զրկված են տեղեկատվություն ստանալու միակ միջոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել ընդամենը 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը` Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն, շուրջ մեկ ամիս է, ինչ դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, այլ վերահեռարձում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել էր 2017թ. մայիսի 3-ին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում էր լուծարման վարույթում: Ընկերության սնանկության կառավարիչ Գեւորգ Ավագյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է: Նա հայտնեց, որ «Տավուշ- ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: Գ. Ավագյանն ասաց, որ 2018թ. հաղորդումների հեռարձակում իրականացնելու համար «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից պահանջում է 4 միլիոն դրամ:

ՀՀՑ-ն այդ ծառայավճարը պահանջում է մաս-մաս, ամեն ամիս, սակայն «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ի վիճակի չէ այն վճարելու: Գ. Ավագյանի խոսքերով` եթե ներդրողներ, հովանավորներ գտնվեն, հնարավոր է` ֆինանսապես առողջացնել ընկերությունը: Հարցին, թե ով է մարզային հեռուստաընկերության սեփականատերը, Գ. Ավագյանը հայտնեց, որ Տավուշի մարզի բնակիչ, ֆիզիկական անձ է: Տավուշում շատերը գիտեն, որ մարզային հեռուստաընկերության փաստացի տերը կամ այդ հեռուստաընկերության հետեւում կանգնածը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է: Վերջինս մինչեւ 2014թ. մայիսի 15-ին մարզպետ դառնալը բազում եկամտաբեր բիզնեսների տեր էր, որոնք գնալով աճել են: Հովիկ Աբովյանին Տավուշի մարզային հեռուստաընկերությունը, որպես բիզնես, հետաքրքիր չէ, քանի որ ներկա դրությամբ շահութաբեր չէ:

Մարզային հեռուստաընկերության եթերից դուրս գալը վնաս է տավուշցիներին, ովքեր թվային 9 հեռուստաալիքներից մեկից զրկվել են: Ավելին` սահմանամերձ մարզի բնակիչները զրկված են իրենց մարզում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նախատեսված միջոցից:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս