ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը կեղծ փաստարկ է բերում. Ալբերտ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատի անդամները երեկ հերթական հանրահավաքն անցկացրին Ազատության հրապարակում, որը կրկին սակավամարդ էր: Ապրիլի 9-ից ճակատի հանրահավաքներն ամենօրյա են դառնալու իսկ մինչ այդ էլ շարունակվելու են բանակցությունները հասարակական-քաղաքական սեկտորի հետ:

Սակայն ինչպես երեւում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատի միջեւ բանակցություններն այնքան էլ կառուցողական չեն ընթանում, ինչի մասին են վկայում նաեւ երկու կողմից հնչող հայտարարությունները: Մասնավորապես երեկ կայացած ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մերժում են բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլեւ հակագործողություն: «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, եւ քանի դեռ ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված», – նշեց նա:

Հետաքրքիրն այն է, որ ճակատի անդամները չեն հայտարարում, թե իրենք բռնության միջոցով են պայքար տանելու: Երեկ էլ ճակատի անդամներն իրենց ելույթներում նշեցին, թե կողմ են քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ճակատի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, հայտնի է, որ ճակատի անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ: Ի՞նչ արդյունքներ կան, ձեզ միացողներ կլինե՞ն:

-Արդեն ռեալ կան անհատներ եւ ուժեր, որոնք միացել են: Շաբաթվա մեջ մեկ օր հանդիպում ենք կոնսուլտացիաների, արդեն դա պարբերաբար բնույթ է կրում: Առայժմ ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց, որ իրենք էլ մինչեւ վերջ կողմնորոշվեն: Գաղտնիք չէ, որ առաջիկայում սպասվում է պայքարի նոր ալիք, մենք կողմ ենք, որ ժողովուրդը համախմբվի: Թե ինչ ճանապարհով եւ որտեղ, կարեւոր չէ, կարեւոր է, որ հույսն արթնանա եւ համախմբվեն:

-Սակայն տեսակետ կա, որ բոլոր պայքարող ուժերը պետք է միավորվեն, որպեսզի ժողովուրդն էլ համախմբվի: Արդյո՞ք հնարավոր է առանձին-առանձին հաջողության հասնել:

-Առանձին-առանձին բացառված է, որ որեւէ մեկը հաղթանակի հասնի: Ոչ մեկը չունի վստահության 100 տոկոսանոց պաշար ժողովրդի մոտ: Եթե միավորվեն ակտիվ քաղաքական գործիչները, հայտ ներկայացնողները, մարդկանց մեջ հույս կառաջանա: Ի վերջո, նրանք միավորվելու են մի գաղափարի շուրջ, որի պատճառով էլ համաձայնության կգան:

-Այսինքն՝ համակարգի՞ դեմ պայքար, ոչ թե անձերի՞:

-Ես դեռեւս 1996 թվականից միշտ պնդել եմ՝ քանի դեռ սահմանադրական կարգը չի ապահովում ազատ դեմոկրատական հարաբերություններ, արդար դատական համակարգ, ում ուզում եք փոխարինեք, կդառնա Սերժիկ: Եթե մնա այս համակարգը, ուզենանք էլ` լավ բան անենք, ում էլ դնենք այդտեղ, կդառնա Սերժիկ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս